Եղիշե Մոսեսյանը Մ17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Մոսեսյանը (71 կգ) նվաճեց բրոնզե մեդալ Աթենքում կայացած մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։

Փոքր եզրափակիչում Մոսեսյանը հաղթեց Ուզբեկստանը ներկայացնող ըմբիշ Ֆարուխ Ջումանազարովին։ 2:6 հաշվով պարտվելով՝ Եղիշեն հաղթանակը կորզեց խաղի ավարտից հինգ վայրկյան առաջ և հաղթանակ տարավ 7:6 հաշվով։

Մոսեսյանը հաղթեց Զուբայր Բագիլովին (Ռուսաստան) և Օմեր Գյուլին (Թուրքիա), սակայն կիսաեզրափակիչում պարտվեց ամերիկացի Ջեյդեն Ջեյմսին։
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի մինչև 17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը նվաճել էր մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ։ Մինչև 17 տարեկանների աշխարհի չեմպիոնը Ջանես Նազարյանն էր (65 կգ), բրոնզե մեդալակիրներն էին Մարատ Աջեմյանը (51 կգ) և Զավեն Մեժլումյանը (60 կգ)։