ՌԴ–ն կվերանայի ծառայությունների ոլորտում օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու կանոնները

Խոսքը վիզային երկրներից քվոտայով Ռուսաստան ժամանող միգրանտների մասին է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանում մտադիր են վերանայել վիզային երկրներից քվոտայով ժամանող օտարերկրյա աշխատողներին ծառայությունների ոլորտում աշխատանքի ընդունելու պայմանները։ Այս մասին գրում է «Կոմերսանտը»:
ՌԴ աշխատանքի նախարարությունն առաջարկել է առանց ռուսաց լեզվի իմացության միգրանտներին աշխատանքի չվերցնել վաճառողների, վարորդների և բժիշկների հաստիքներում` այնտեղ, որտեղ սոցիալական հաղորդակցություն է պահանջվում:
Նշվում է, որ տվյալ միջոցի ձեռնարկումն «ուղղված է մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը»:
ՌԴ–ն ցանկանում է սահմանափակել միգրանտների կողմից ռուսաց լեզվի թեստը հանձնելու փորձերի թիվը
Ներկայում քվոտայով Ռուսաստան ժամանող օտարերկրացիներն ազատված են ռուսաց լեզվի քննություն հանձնելու պահանջից։ Գերատեսչությունում կարծում են, որ այդ հանգամանքը պետք է վերանայվի։
Մանրածախ շուկայի փորձագետների ասոցիացիայի խորհրդի նախագահ Անդրեյ Կարպովի կարծիքով` նոր պահանջը պետք է ճշգրտվի, իսկ կտրուկ սահմանափակումները կարող են հանգեցնել ծախսերի աճի:
«Մանրածախ առևտրի ոլորտում կան մեծ թվով տարբեր մասնագիտություններ։ Կարելի է սահմանափակել օտարերկրյա աշխատողների թիվը առևտրում, օրինակ՝ զրոյացնել այն ուղղությունները, որոնք ենթադրում են գնորդի հետ հաղորդակցություն և պահպանել այնտեղ, որտեղ կոմունիկացիայի պահանջ չկա, օրինակ՝ բաշխիչ կենտրոնում», - նշել է Կարպովը։
Ուստի ամբողջովին հրաժարվելը, ըստ նրա, նպատակահարմար չէր լինի, քանի որ դա ազդում է և՛ աշխատավարձերի, և՛ ընկերությունների ծախսերի վրա։ Ի վերջո, ցանկացած ծախս արտացոլվում է ապրանքի արժեքի մեջ:
«Բիզնեսում ցանկացած խնդիր առաջացնում է ծախսեր, որոնք պետք է փակվեն ինչ-որ մեկի հաշվին։ Սովորաբար դա ընկնում է սպառողի ուսերի վրա», - ասել է Կարպովը։
Պուտինը ստորագրել է միգրանտների՝ ռուսերեն չիմացող երեխաներին դպրոց չընդունելու օրենքը
2025 թվականին աշխատանքի քվոտան կազմում է գրեթե 235 հազար թույլտվություն և գործում է միայն վիզային երկրներից ժամանող անձանց համար։ Դրանց թվում են Չինաստանը, Հնդկաստանը և Թուրքիան։ Մեխանիզմը կոնկրետ աշխատողին ամրագրում է կոնկրետ գործատուի: Որակավորման հաստատումը պարտադիր պայման է: Ավելին` արդյունաբերական ձեռնարկությունների և ենթակառուցվածքային նախագծերի փորձառու աշխատողները կազմում են քվոտայի մոտ 94%-ը: