ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, վկայակոչելով կառույցի գերծանրաբեռնվածությունը և մի շարք փաստաթղթերի ցածր արդյունավետությունը, հայտարարել է կազմակերպության զեկույցների և նիստերի քանակը կրճատելու անհրաժեշտության մասին:
«Այսօր բոլոր մանդատների կեսից ավելին պահանջում է զեկույցների նախապատրաստություն։ Միայն անցած տարվա ընթացքում քարտուղարությունը պատրաստել է 1100 զեկույց՝ 20 %-ով ավելի, քան 1990 թվականին։ Դրանց թվում հինգից երեքը վերաբերում են կրկնվող թեմաներին, և պետք է խոստովանեմ, որ այդ զեկույցները նույնպես երկար են դառնում. վերջին 20 տարվա ընթացքում տեքստերի ծավալն աճել է ավելի քան 40%-ով: Այս իրավիճակը փոխելու համար առաջարկում ենք մի շարք քայլեր, ինչպես, օրինակ, նիստերի և զեկույցների քանակի կրճատում և, միևնույն ժամանակ, դրանց ամբողջական համապատասխանություն բոլոր մանդատներին», - հայտարարել է նա՝ ելույթ ունենալով հերթական նիստում։
Գուտերեշը նշել է, որ չնայած կատարված աշխատանքի ծավալին, զեկույցների զգալի մասը մնում է աննկատ. դրանցից յուրաքանչյուր հինգերորդը հավաքում է հազարից պակաս ներբեռնում: Միևնույն ժամանակ, փաստաթղթերի նախապատրաստման և նիստերի կազմակերպման ծախսերը կազմում են բյուջեի զգալի մասը:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ բյուջեի յուրաքանչյուր 10 դոլարից 1-ն ուղղվում է նիստերի ու հրապարակումների ուղղակի սպասարկմանը՝ չհաշված լրացուցիչ անուղղակի ծախսերը: