Խոսակցությունը կարևոր է, բայց Մոսկվան պատրաստ է սպասել. Պուտինը՝ բանակցությունների մասին

Վալաամ կղզում ընթանում է Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի ոչ պաշտոնական հանդիպումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Եթե Կիևը կարծում է, որ հիմա բանակցությունների ժամանակը չէ, ապա Մոսկվան պատրաստ է սպասել։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Այսօր Վալաամ կղզում ընթանում է Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ոչ պաշտոնական հանդիպումը:
Պուտինն ընդգծել է, որ բանակցությունները միշտ պահանջված են և կարևոր:
«Ինչ վերաբերում է բանակցություններին, դրանք միշտ պահանջված են և միշտ կարևոր, հատկապես, եթե դա խաղաղության ձգտում է», - ասել է Պուտինը՝ խոսելով Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների մասին:
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ դրական է գնահատում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների արդյունքները և գերիների փոխանակումը:
«Ինչպես կարելի է դրական չգնահատել այն, որ հարյուրավոր մարդիկ վերադարձել են հայրենիք։ Դա դրական է։ Գիտեք, որ մենք մարդասիրական նկատառումներից ելնելով՝ հազարավոր զոհված ուկրաինացի զինվորների մարմիններ ենք հանձնել, ի պատասխան ստացել ենք մեր մի քանի տասնյակ տղաների, որոնք իրենց կյանքը զոհել են հանուն հայրենիքի։ Եվ արդյոք դա դրակա՞ն չէ: Իհարկե, դրական է», - ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու համար անհրաժեշտ են հանգամանալից խոսակցություններ։ Ռուսաստանի առաջնորդի խոսքով, անհրաժեշտ է քննարկել Ուկրաինայում երկարաժամկետ, երկարատև խաղաղության հասնելու քայլերը՝ առանց որևէ ժամանակային սահմանափակման:
Պուտինն ընդգծել է նաև, որ 2024 թվականի ամռանը Ուկրաինայի հարցով ՌԴ-ի կողմից հնչեցված պայմանները մնում են անփոփոխ։
«Դրանք ոչ թե պայմաններ են, այլ նպատակներ՝ ես ձևակերպել եմ Ռուսաստանի նպատակները։ Մինչև այդ պահը մեզ ասում էին, որ անհասկանալի է, թե ինչ է ուզում Ռուսաստանը. ահա, մենք դրանք ձևակերպել ենք անցյալ տարվա հունիսին՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ», - ասել է Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանն ու Ուկրաինան ուղիղ բանակցությունների երեք փուլ են անցկացրել, հանդիպումները տեղի են ունեցել Ստամբուլում: Բանակցությունների արդյունքներով տեղի է ունեցել գերիների փոխանակում։ ՌԴ-ն նաև Կիևի ռեժիմին է փոխանցել զոհված զինծառայողների մարմինները։ Բացի այդ, կողմերը փոխանակել են հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծեր։
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել հուլիսի 23-ին Ստամբուլի Չիրագան պալատում և տևել է մոտ մեկ ժամ: Ռուսաստանը բանակցությունների ընթացքում առաջարկել է Ուկրաինային ստեղծել երեք աշխատանքային խումբ, որոնք կաշխատեն առցանց։