ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Արտահանման խթանման 2025–30 թթ. ռազմավարության իրականացման համար 5 տարում ՀՀ կառավարությունը կծախսի շուրջ 98 մլրդ դրամ կամ 250 մլն դոլար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ ՀՀ արտահանման խթանման ռազմավարությունն առանցքային նշանակություն է ունենալու երկրի տնտեսական զարգացման համար։
«Այս ռազմավարությամբ մենք քայլեր ենք ձեռնարկում ձևավորելու կայուն աճ ապահովող ատահանման կառուցվածք` հիմնավորված բարձր ավելացված արժեքի, տեխնոլոգիական առաջընթացի, որակի և ապրանքների, ծառայությունների մրցունակության բարձրացման վրա»,– ասաց նախարարը։
Նա ընդգծեց, որ կառավարության նպատակն է ձևավորել քաղաքականություն, որը կստեղծի կանխատեսելի և աջակցող միջավայր արտահանման անխոչընդոտ ու մեծ ծավալների ապահովման համար։
Ըստ Պապոյանի` արտահանման ռազմավարությունը բաղկացած է 5 հենասյուներից և դրանց իրականացմանն ուղղված 50–ից ավելի միջոցառումներից։
Նա վստահեցրեց, որ ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ունենալ տեղական արտահանման աճ մոտ 1.7 անգամ, որը կհասնի 16.9 մլրդ դոլարի, որտեղ ծառայությունների արտահանումը կանխատեսվում է, որ տարեկան կհասնի 10.3 մլրդ դոլարի, ապրանքների արտահանումը` 6.6 մլրդ դոլարի։