ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մտադիր է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնություններն օգտագործել ազգամիջյան ատելություն բորբոքելու համար: Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով` ծրագրված սադրիչ արշավի շրջանակում նախատեսվում է գործարկել Ռուսաստանից փախած և վարձատրության դիմաց ՌԴ դրոշի ներքո գործելու պատրաստ մարդկանցից կազմված դիվերսիոն խմբեր, որոնք ակցիաներ կիրականացնեն նաև Ադրբեջանի քաղաքացիների, ներկայացուցչությունների և մշակութային օբյեկտների դեմ։
«Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նպատակ ունի նման սադրանքների միջոցով ադրբեջանական, թուրքական և եվրոպական մեդիատիրույթ մտցնել «ռուսական ագրեսիայի» մասին վիրուսային նարատիվ»,- ընդգծել է Զախարովան:
Հիշեցնենք՝ ռուս–ադրբեջանական հարաբերությունները սրվեցին, երբ Եկատերինբուրգում ձերբակալվեցին ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ, որոնք կասկածվում են սպանությունների և այլ հակաիրավական գործողությունների մեջ: Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին Sputnik Ադրբեջան գործակալությունում (ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի կազմում) ձերբակալեցին յոթ մարդու, այդ թվում՝ գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին:
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը ադրբեջանական ուժայինների գործողություններն անվանել է անհիմն, իսկ մեղադրանքները՝ մտացածին: