Կամչատկայում մոտ 8,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. ցունամի է արձանագրվել

Կամչատկայի առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժածներ կան, բայց բոլորը գտնվում են բավարար վիճակում և առանց ծանր վնասվածքների։
Sputnik
Կամչատկայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, ստորգետնյա ցնցումների մագնիտուդը, տարբեր գնահատականներով, հասնում է 8,7-ի, հաղորդում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի սեյսմոլոգիական մասնաճյուղի մամուլի ծառայությունը:
«Հենց նոր տեղի ունեցավ Կամչատկայի սեյսմոֆոկալ գոտում 1952 թվականից ի վեր տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժը։ Տարբեր գնահատականներով մագնիտուդը հասնում է 8,7- ի», - ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում նշելեն, որ Պետրոպավլովսկ-Կամչատկայում ցնցումների ուժգնությունը, նախնական գնահատականներով, կազմել է առնվազն 6 բալ, ինչն ավելի ուժեղ է, քան դիտվել էր հուլիսի 20-ին:
Ինչպես հայտնում է տարածաշրջանի առողջապահության նախարարությունը, Կամչատկայում երկրաշարժի հետևանքով տուժածների մոտ ծանր վնասվածքներ չկան:
«Ինչ վերաբերում է տուժածներին, ապա այդպիսիք, ցավոք, կան։ Բոլորը բավարար վիճակում են, ծանր վնասվածքներ չեն գրանցվել», - ասել է առողջապահության նախարար Օլեգ Մելնիկովը։
Նախարարի տվյալներով՝ Կամչատկայի օդանավակայանում երկրաշարժի ժամանակ կին է տուժել, նրա վիճակը բավարար է, օգնություն է ցուցաբերվել: Առավել ակնհայտ վնասվածքներ է ստացել քաղաքի թիվ 1 մանկական պոլիկլինիկան։ Հաստատության աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է: Կատարվում է հետազոտություն տեխնիկական մասնագետների կողմից:
Երկրաշարժից հետոգրանցվել է ցունամի։ Այսպես, հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի վարչությունը Կամչատկայում գրանցել է 3-4 մետր բարձրությամբ ցունամիի ալիք, բնակիչներին նախազգուշացրել են վտանգի մասին, հայտնել Է Կամչատկայի երկրամասի արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Լեբեդևը:
Ցունամիի հետևանքով գրեթե ամբողջությամբ հեղեղվել է Սևերո-Կուրիլսկում գտնվող «Ալաիդ» ձկնարդյունաբերական ձեռնարկությունը:

«Ցունամիի ալիքի մոտեցման արդյունքում ձեռնարկությունը գրեթե ամբողջությամբ ջրի տակ է հայտնվել, աշխատակիցներից ոչ ոք չի տուժել: «Ալաիդի» վերականգնման հեռանկարների մասին խոսելը դեռ դժվար է», - ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Սախալինի մարզի ձկնարդյունաբերական ձեռնարկությունների ասոցիացիայի նախագահ Մաքսիմ Կոզլովը:

Կամչատկայի մոտ տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքը տարածվել է Կուրիլյան բոլոր կղզիներում։ Զոհեր ու բնակելի ֆոնդի էական ավերածություններ չկան:
Իր հերթին Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը հայտնում է, որ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամին հասել է ճապոնական Հոկայդո կղզի: Մասնավորապես, 30 սանտիմետր բարձրությամբ ցունամի գրանցվել է Հոկայդոյի Նեմուրո քաղաքի ափերի մոտ։