ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Եվրամիության պասիվ դիրքորոշումը փոխադարձ մաքսատուրքերին վերաբերող առևտրային բանակցություններում հիասթափեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Politico եվրոպական հրատարակությունը՝ հղում անելով բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի։
Նրա խոսքով՝ ԵՄ իշխանությունների և ԱՄՆ վարչակազմի միջև առաջին 13 առցանց և առկա շփումների ընթացքում Բրյուսելը Վաշինգտոնին որևէ առաջարկ չի ներկայացրել։
«Նախագահը խորապես հիասթափված էր նրանց կողմից դինամիկայի բացակայությունից, նրանք պարզապես հանդիպում էին և զրուցում, բայց ոչինչ չէին անում։ Հետո նա նամակ ուղարկեց նրանց, և ամեն բան փոխվեց, նրանք հասկացան, որ նա լուրջ է տրամադրված, հասկացան, որ լուրջ ռիսկի կենթարկվեն, եթե բանակցությունների սեղանի շուրջ չնստեն», հայտարարել է պարբերականի զրուցակիցը։
Պաշտոնյան հավելել է, որ ԱՄՆ վարչակազմը մասնավոր կերպով շատ ավելի կտրուկ գնահատական է տվել ԵՄ գործողություններին, քան Թրամփը հրապարակավ։
Հուլիսի 27-ին Թրամփը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Միացյալ Նահանգները և ԵՄ-ն պայմանավորվել են, որ ԱՄՆ ներմուծվող բոլոր եվրոպական ապրանքների վրա մաքսատուրքը կկազմի 15%, ընդ որում ԵՄ-ն մաքսատուրքեր չի գանձի ամերիկյան ապրանքներից: Մինչ այդ Թրամփի վարչակազմը հայտարարել էր ԵՄ ողջ արտահանման վրա 30% նոր առևտրային մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին: Թրամփը ԵՄ-ի հետ կնքված պայմանավորվածություններն անվանել է պատմության մեջ ամենախոշոր պայմանավորվածությունները: