ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Թաիլանդի ցամաքային զորքերը սահմանին տեղի ունեցած բախումից հետո գերի են վերցրել 18 կամբոջացի զինծառայողի։ Այս մասին լրագրողներին հայտնել է Թաիլանդի ցամաքային զորքերի հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Վինտհայ Սուվարին։
«Սիսակետ նահանգի սահմանագոտում տեղի ունեցած բախումից հետո ցամաքային զորքերի երկրորդ ռազմական շրջանը զեկուցել է 18 կամբոջացի զինծառայողների գերեվարման մասին։ Վնասվածքներ ստացած կամբոջացի զինծառայողներին ցուցաբերվում է բուժօգնություն, գերիները պահվում են Ժնևի կոնվենցիային համապատասխան», - ասել է գեներալ Սուվարին։
Նրա խոսքով` Կամբոջայի զինվորականները ծանր սպառազինություն և ականանետեր են կիրառել Թաիլանդի տարածքը գնդակոծելու համար: Գեներելը նաև հայտնել է, որ ոչնչացված կամբոջական դիրքերում, բացի գերի հանձնված զինծառայողներից, եղել է ձեռքի և ազդրի շրջանում վիրավորված կամբոջացի ավագ սերժանտ, ինչպես նաև կամբոջացի զինվորականների երկու մարմին:
Հիշեցնենք` Թաիլանդի և Կամբոջայի միջև հարաբերությունները վատթարացան մայիսի 28-ին սահմանի վիճելի հատվածում երկու երկրների զինծառայողների միջև տեղի ունեցած բախումից հետո, որի հետևանքով կամբոջացի զինվորական մահացավ:
Թաիլանդի և Կամբոջայի սահմանին իրավիճակը կտրուկ սրվեց հուլիսի 24-ին։
Այս երկրները տարածքային խնդիրները «ժառանգություն» են ստացել գաղութային Ֆրանսիական Հնդկաչինից, որի հետ սահմանազատումը Սիամի թագավորությունը (այժմ՝ Թաիլանդ) ավարտեց 1907-ին։ Սահմանի որոշ հատվածներ դժվարամատչելի լինելու պատճառով դուրս են մնացել ֆրանսիական կողմի սահմանազատման հանձնաժողովի ուշադրությունից։ Երբ 1953-ին Կամբոջան անկախացավ Ֆրանսիայից, այդ տարածքները դարձան տարածքային վեճի առարկա։
Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը հուլիսի 28-ին հայտնեց, որ Կուալա Լումպուրում կայացած բանակցությունների արդյունքում Թաիլանդը և Կամբոջան պայմանավորվել են հրադադար հաստատել, որն ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով կեսգիշերին: