ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցցանցում հայտարարել է, որ իր միջամտությունից հետո է կարգավորվել Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը:
Այսօր Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը հայտնեց, որ Կուալա Լումպուրում կայացած բանակցությունների արդյունքում Թաիլանդը և Կամբոջան պայմանավորվել են հրադադար հաստատել, որն ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով կեսգիշերին:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջամտությունից հետո երկրները պայմանավորվել են հրադադարի և խաղաղության մասին», - գրել է Թրամփը:
Թրամփը նաև հայտնել է, որ հանձնարարել է վերսկսել առևտրային բանակցություններն այդ երկրների հետ:
Հիշեցնենք` Թաիլանդի և Կամբոջայի միջև հարաբերությունները վատթարացան մայիսի 28-ին սահմանի վիճելի հատվածում երկու երկրների զինծառայողների միջև տեղի ունեցած բախումից հետո, որի հետևանքով կամբոջացի զինվորական մահացավ:
Թաիլանդի և Կամբոջայի սահմանին իրավիճակը կտրուկ սրվեց հուլիսի 24-ին։
Այս երկրները տարածքային խնդիրները «ժառանգություն» են ստացել գաղութային Ֆրանսիական Հնդկաչինից, որի հետ սահմանազատումը Սիամի թագավորությունը (այժմ՝ Թաիլանդ) ավարտեց 1907-ին։ Սահմանի որոշ հատվածներ դժվարամատչելի լինելու պատճառով դուրս են մնացել ֆրանսիական կողմի սահմանազատման հանձնաժողովի ուշադրությունից։ Երբ 1953-ին Կամբոջան անկախացավ Ֆրանսիայից, այդ տարածքները դարձան տարածքային վեճի առարկա։