ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը կրկին հարցաքննվել է Փարիզի դատարանում։ Այս մասին հայտնում է France Press գործակալությունը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին։
Նշվում է, որ քննիչները հետաքրքրվում են «հնարավոր հանցավոր գործունեությանը» Telegram-ի ներգրավվածությամբ:
40-ամյա Դուրովը Փարիզի դատարան է ներկայացել տեղական ժամանակով ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով 12:00-ին): Այնուհետև իր չորս փաստաբանների՝ Դավիդ Օլիվիե-Կամինսկու, Քրիստոֆ Ինգրենի, Ռոբին Բինսարի և Այզեկ Առնուի ուղեկցությամբ նա մտել է գործը վարող երկու քննիչների գրասենյակ։
2024 թվականին Դուրովի ձերբակալությունը հանրային քննադատության արժանացավ բազմաթիվ երկրներում։ Ֆրանսիայում գործարարին կասկածում են թվով 10 իրավախախտումների և քրեական հանցագործությունների մեջ, որոնց համար նրան կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում: Ձերբակալությունից մի քանի օր անց Դուրովը գրավի դիմաց ազատ է արձակվել։