ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. «Կիբեռանվտանգության մասին» օրենքի նախագիծը` հարակից փաթեթով, բերվել է ավարտուն տեսքի և պատրաստ է փոխանցման Ազգային Ժողով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը։
Ըստ օրինագծի` հեռահաղորդակցության և կրիտիկական ենթակառուցվածքների օպերատորները (էներգետիկայի, ֆինանսների, տրանսպորտի և այլ ոլորտներում) պետք է ապահովեն կիբեռսպառնալիքների դեմ 24/7 ռեժիմով պաշտպանություն` սեփական ուժերով կամ մասնագիտացված ընկերության միջոցով։ Այդ ըներությունները պետք է հաշվետու լինեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված վերահսկող մարմնին։
Ըստ օրինագծի` ԲՏԱ նախարարությունն իր հերթին պետք է մշակի կիբեռմիջադեպերի դեմ պայքարի չափանիշներ, որոնք կհաստատի կառավարությունը։ Բացի այդ, նախարարությունը պարտավորվելու է հանրության տարբեր խմբերի համար կազմակերպել իրազեկման միջոցառումներ ցանցային վարքագծի կանոնների (կիբեռհիգիենայի) մասին։ Պետական հատվածի ոլորտային մասնագետների համար պետությունը նաև անցկացնելու է պարբերական վարժանքներ, իսկ մասնավոր հատվածում աշխատող մասնագետները պարտավոր կլինեն պարբերաբար ատեստավորվել։
Բուհերի համար քննարկվում են նոր լաբորատոր ծրագրեր, որոնք պետք է ներառեն որոշակի միջազգային սերտիֆիկատների պահանջներով մասնագետների պատրաստում։ Դպրոցականների համար ծրագրեր կկազմի Tumo-ն՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության աջակցությամբ։
Նույն փաթեթով ներկայացվել են նաև այլ օրինագծեր` «Հանրային տեղեկությունների մասին» և «Բնակչության պետական ռեգիստրի մասին»։
Ըստ այդ օրինագծերի` հստակեցվում է տվյալների պահպանության համակարգը. դրանք չեն կրկնօրինակվի մի քանի տեղում, սակայն գերատեսչությունները ազատ հասանելիություն կունենան դրանց։ Ըստ այդմ, պետությանը մեր տվյալները ներկայացնելու ենք միայն մեկ անգամ, և նույն տվյալը մեզանից այլևս չի պահանջվելու` անկախ նրանից, թե որ գերատեսչությունն է այն ընդունել։
Այդուհանդերձ, տվյալների միասնական շտեմարան չի լինելու. դրանք պահպանվելու են ապակենտրոնացված, իսկ պաշտպանվածության չափը կախված կլինի կոնֆիդենցիալության աստիճանից (որպեսզի պաշտպանության վրա լրացուցիչ ռեսուրսներ չծախսվեն)։
Նախարարությունն արդեն սկսել է տեխնիկական վերազինման գործընթացը. Amazon Web Services-ի հետ կնքված է պայմանագիր տվյալների ամպային պահոցների, Microsoft-ի հետ` Office 365-ի բաժանորդագրության վերաբերյալ։ ֆրանսիական Mistral AI–ի հետ համագործակցությամբ գործարկվել է «Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ» նախագիծը, որն ապահովում է բիզնեսի և հետազոտողների համար AI միջավայր։
Քերոբյանը հստակեցրեց, որ վերը թվարկված համակարգերը չեն կիրառվելու ԵԱՏՄ համագործակցության շրջանակում։