500 գրամ ոսկյա ձուլակտոր, 9000 լիտր դեզվառելիք. ուրիշ ի՞նչ է հայտնաբերել ՊԵԿ–ը 1 շաբաթում

Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է նաև 1 588 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված խմիչք, ծխախոտ, մեքենայի պահեստամասեր, նեկտարինա և այլն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի-Sputnik. Փարիզ–Երևան և Կահիրե–Դոհա–Երևան չվերթերով ժամանած քաղաքացիների ուղեբեռներից հայտնաբերվել են ավելի քան 500 գրամ քաշով չհայտարարագրված ոսկյա ձուլակտորներ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն` ներկայացնելով հուլիսի 21–27–ը ընկած ժամանակահատվածում հայտնաբերված մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերը։
500 գրամ քաշով չհայտարարագրված ոսկյա ձուլակտորները
ՊԵԿ–ից հաղորդում են, որ օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել նաև առանց հայտարարագրման բրենդային ժամացույցներ։
«Բագրատաշենի անցակետում կանխվել են չհայտարարագրված տարբեր ապրանքների ներկրման փորձերը։ Մասնավորապես, բեռնատար և մարդատար տրասնպորտային միջոցների մաքսային հսկողության արդյունքում հայտնաբերվել է 1 588 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված խմիչք, ծխախոտ, մեքենայի պահեստամասեր, ներկտարինա և այլն»,– նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, «Ագարակ» սահմանային անցման կետում ՊԵԿ աշխատակիցները բեռնատարների և ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսների զննության արդյունքում հայտնաբերել են շուրջ 9000 լիտր հսկողությունից թաքցված դիզվառելիք։ Կոմիտեից նշում են, որ մաքսային ծառայողները կանխել են դիզելային վառելիքի այս անօրինական ներկրման փորձերը։
Այս նույն անցակետում մաքսային ծառայողները զննության արդյունքում չորս տրանսպորտային միջոցից հայտնաբերել են չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված 3 940 տուփ ծխախոտ։
Չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված 3 940 տուփ ծխախոտը