ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik․Մեր քաղաքական թիմի ղեկավարը կլինի Սամվել Կարապետյաըն և նրա աշխատանքային հովանու ներքո կգնանք առաջ։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը` անդրադառնալով Սամվել Կարապետյանի կողմից նոր ստեղծվող կուսակցության հարցին։
ՀՀ Սահմանադրության համաձայն՝ գործարար Սամվել Կարապետյանը չի կարող առաջադրվել վարչապետի պաշտոնում, քանի որ այդ պաշտոնում կարող է առաջադրվել ՀՀ քաղաքացին, որը չունի այլ երկրի քաղաքացիություն, ինչպես նաև վերջին 4 տարին մշտապես բնակվում է ՀՀ–ում։
Ինչ վերաբերում է Կարապետյանին նախկին իշխանությունների հետ նույնականացնելուն, Նարեկ Կարապետյան ասաց.
«Սամվել Կարապետյանի անցած ճանապարհը տարբերվում է մեր երկրի նախկին 3 ղեկավարի անցած ճանապարհից` դա տնտեսական ճանապարհ է։ Գործակցությունը իշխանության ղեկավարների հետ եղել է, բայց դա չի նշանակում, որ ուղիները մեկն են»։
Հիշեցնենք, որ հուլիսի 4–ին կալանավայրից հղած իր ուղերձում գործարար, բարերար Սամվել Կարապետյանն ասել էր, որ գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը` ըստ էության հայտարարելով նոր քաղաքական միավորի ստեղծման մասին։
Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։