Ռուսաստանում նշում են Ռազմածովային նավատորմի օրը։ Այս տարի հաստատվել է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի զարգացման նոր ռազմավարությունը։ Պատմության մեջ առաջին անգամ այն երկարաժամկետ է՝ մինչև 2050 թվականը։
«Ռազմական նավաստիները միշտ նշանակալի դեր են խաղացել թշնամու նկատմամբ հաղթանակների հասնելու գործում, անձնվիրաբար պաշտպանել են մեր երկրի ազգային շահերը»,- ասված է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի շնորհավորական ուղերձում՝ ուղղված զինծառայողներին, նավաշինարարական և նավանորոգման ձեռնարկությունների, զորամասերի, գիտական կազմակերպությունների և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատակիցներին։
Նա հիշեցրել է, որ նավաստիները հաջողությամբ բարդ մարտական առաջադրանքներ են կատարել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։
Բելոուսովը նաև վստահություն է հայտնել, որ ռազմածովային ուժերի զինծառայողները կշարունակեն կատարելագործել իրենց մասնագիտական հմտությունները, նպաստել երկրի պաշտպանունակության ամրապնդմանը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ուղերձում ասել էր, որ Ռուսաստանի նորացված Ռազմածովային նավատորմը կհարմարվի ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության: Նա նշել էր, որ ռազմածովային ուժերն այսօր կարևորագույն դեր ունեն Ռուսաստանի պաշտպանության և անվտանգության ապահովման, համաշխարհային օվկիանոսում նրա օրինական շահերի պաշտպանության գործում: