ԱՄՆ պետքարտուղարը Վենեսուելայի նախագահին մեղադրել է թմրակարտել ղեկավարելու մեջ

X սոցիալական ցանցում իր հայտարարության մեջ Ռուբիոն Վենեսուելայի իշխանություններին «անօրինական կառավարություն» է անվանել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին մեղադրել է այն բանում, որ նա ղեկավարում է վենեսուելական «Արևների կարտելը», որը զբաղվում է թմրանյութերի վաճառքով: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
X սոցիալական ցանցում իր հայտարարության մեջ Ռուբիոն Վենեսուելայի իշխանություններին անվանել է «անօրինական կառավարություն»:
«Մադուրոն Վենեսուելայի նախագահը չէ, և նրա վարչակարգը օրինական կառավարություն չէ։ Մադուրոն «Արևների կարտելի» ղեկավարն է` թմրահաբեկչական կազմակերպության, որը գրավել է երկիրը: Եվ նրան մեղադրանք է առաջադրվել Միացյալ Նահանգներում թմրանյութերի տարածման համար»,-ասվում է Ռուբիոյի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում:
Պետդեպարտամենտի կայքում նաև հայտարարություն է հայտնվել այսօր Վենեսուելայում ընթացող մունիցիպալ ընտրությունների վերաբերյալ: Հրապարակման մեջ ամերիկյան գերատեսչությունը Վենեսուելայի իշխանություններին մեղադրում է տարիներ շարունակ երկրի ընտրական համակարգը մանիպուլյացիայի ենթարկելու մեջ:
«Հուլիսի 28-ին` գողացված նախագահական ընտրությունների տարելիցի նախօրեին նշանակելով մունիցիպալ ընտրություններ` ռեժիմը հերթական անգամ մտադիր է գործի դնել բանակն ու ոստիկանությունը` Վենեսուելայի ժողովրդի կամքը ճնշելու համար»,-կարծում են ԱՄՆ պետդեպարտամենտում:
Վենեսուելայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2024 թ. հուլիսի 28-ին, հաջորդ օրը Ազգային ընտրական խորհուրդը Նիկոլաս Մադուրոյին հռչակել է 2025-2031 թվականների ընտրված նախագահ։ Ընտրական խորհրդի տվյալներով` նա հավաքել է ձայների 51 տոկոսը: Մադուրոն նախագահի պաշտոնը ստանձնել է 2025 թվականի հունվարին։