ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ ՊԵԿ պաշտոնյաները կաշառքի դիմաց հովանավորչություն են կատարել և օժանդակել տնտեսվարողին բեռը մաքսազերծել ավելի ցածր արժեքով։ Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Պարզվել է, որ 2024 թվականից ՀՀ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանման պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը ծանոթացել ու մտերմացել է բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողի հետ, նրա հետ եկել հանցավոր համաձայնության՝ կաշառքի դիմաց 2024-2025 թթ. ընթացքում ՀՀ ներկրված բեռների ցածր արժեքով մաքսազերծելու, հարկերը պակաս հաշվարկելու և հովանավորչության շուրջ: Հիշյալ պաշտոնյան 2024 թվականի նոյեմբերի 23-ին բրոքերային ծառայություններ մատուցող անձից կաշառք է ստացել: Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ նույն ստորաբաժանման ավագ մաքսային տեսուչը վերը նշված պաշտոնատար անձի գիտությամբ և հրահանգով ՀՀ ներկրված բեռները կրկին ցածր արժեքով մաքսազերծելու և հովանավորչության համար բրոքերային ծառայություններ մատուցող նույն տնտեսվարողից ստացել է կաշառք:
Կաշառք ստանալու համար ՊԵԿ երկու պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 2-րդ մասի 3-րդ կետով: Նրանց կաշառք տալու համար բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի (կաշառք տալը) 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ):
ՊԵԿ ստորաբաժանման պետի տեղակալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ տնտեսվարողի նկատմամբ՝ տնային կալանքը և գրավը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: