ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը հասկացրել, որ պատրաստ է վերսկսել տեխնիկական խորհրդակցությունները նրա հետ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Սինգապուրի միջուկային հետազոտությունների և անվտանգության ինստիտուտի կողմից կազմակերպված հրապարակային դասախոսության ժամանակ։
«Մեկ կարևոր պահ, որը կցանկանայի նշել. Իրանը մեզ հասկացրել է, որ պատրաստ է վերսկսել տեխնիկական խորհրդակցությունները։ Տեսնենք` ինչ կստացվի դրանից։ Կարծում եմ, որ նորմալ աշխատանքային հարաբերությունների պետք է վերադառնանք։ Խոսքը վստահության կամ քաղաքականության մասին չէ, դա պարտավորություն է, քանի դեռ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի մասնակից ես։ Եթե խաղում ես կանոններով, կանոնները ենթադրում են, որ պետք է բաց լինես ստուգումների համար», – ասել է Գրոսին։
Նրա խոսքով` սա Իրանի դեմ քաղաքական արշավ չէ։
«Իրանը մի շարք օբյեկտներ ունի, բազմաթիվ տեսակի գործունեություններ ունի, և պետք է թափանցիկ լինի այս բոլոր գործողությունների առումով։ Եվ եթե թափանցիկության մակարդակը բավարար չէ, դա կարող է հանգեցնել խնդրահարույց իրավիճակների», – ասել է ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրենը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրաման է ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնելու օրենքը կիրառելու վերաբերյալ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է, որ չնայած երկրի` ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնելու որոշմանը, համագործակցության ուղիները փակ չեն։
Իրանը որպես համագործակցությունը վերականգնելու պայման է նշել Իրանի միջուկային օբյեկտների և միջուկային գիտնականների անվտանգության ապահովումը։ Համագործակցության դադարեցումը կապված էր Իրանի կողմից ՄԱԳԱՏԷ-ի և գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հասցեին հնչեցրած քննադատության հետ՝ Ֆորդոյի, Սպահանի և Նաթանզի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ֆոնին ցուցաբերած անգործության համար։