Ինչո՞ւ է ՀԾԿՀ–ն աչք փակում ջրամատակարարման խնդիրների վրա. Պիպոյանը փաստարկներ է բերում

Սպառողների շրջանում տեսակետ է ձևավորվել, թե ամռանը ջրի սակավությունն ուղիղ կապ ունի Երևանում մեծ թվով լողավազանները ջուր լցնելու հետ։ Պիպոյանը չի բացառում, որ սա ևս որոշակի ազդեցություն ունի, բայց խնդիրը համընդհանուր է` անկախ տվյալ համայնքում լողավազանների քանակից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Քանի դեռ «Վեոլիա Ջուր»–ը քաղաքական հայտարարություն չի արել, կարող է ասել` հարգելի՛ սպառողներ, ջրամատակարարման խնդիրների մեղավորը դուք եք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը` անդրադառնալով ջրամատակարարման ընկերության տարածած հայտարարությանը։
Ինչպես հայտնի է, «Վեոլիա Ջուր» ընկերությունը հուլիսի 24–ին հայտարարել էր, որ Երևանի որոշ հատվածներում այս օրերին «նկատվում են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ»: Ընդ որում, խախտումների պատճառը, ըստ մատակարարի, ոչ թե աշխատանքում տեղ գտած թերացումներն են, այլ «աննախադեպ բարձր ջերմաստիճանն» ու «ջրասպառման ծավալների մեծացումը»։ Մեղավոր են նաև սպառողները, որոնք ոչ միայն ամռանն ավելի շատ ջուր են օգտագործում, այլև, ըստ «Վեոլիայի», խմելու ջուրն օգտագործում են ոռոգման նպատակով։ Այսքանով հանդերձ «Վեոլիա Ջուր»–ը նշել է, որ «գիտակցում է ստեղծված իրավիճակի լրջությունն ու պատասխանատվությունը և աշխատում է ջրի կորուստները կանխելու և այդ ջրաքանակը համակարգ ներգրավելու համար»:
Բաբկեն Պիպոյանի գնահատմամբ` ջրամատակարարման խախտումների մասին հայտարարություն պետք է աներ ոչ թե մատկարար ընկերությունը, այլ պետական կարգավորող մարմինը` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
«ՀԾԿՀ–ն իր կողմից պետք է համապատասխան նախաձեռնություններով հանդես գա, երբ որ հասկանում է, որ գործող իրավակարգավորումներով չի կարողանում «աշխատեցնել» հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին։ Եթե «Վեոլիա Ջուր»–ը չնախատեսված 3 անջատման դեպքում ստիպված լիներ, ասենք, 3 ամիս կամ մեկ տարի անվճար ջուր մատակարարել սպառողներին, ի՞նչ եք կարծում` մենք այսքան անջատումներ կունենայի՞նք։ Իհարկե չէինք ունենա։ Հիմա, երբ որ այսօրինակ իրավակարգավորումներ չեն արվում, հանրային ծառայությունների պատշաճ հսկողություն չի իրականացվում, ԱԺ–ն ՀԾԿՀ–ից հաշվետվություն չի պահանջում, երբ իշխանությունների տարանջատման սկզբունքներն ամբողջությամբ խախտվում են, «Վեոլիա Ջուր»–ն էլ անում է` ինչ ուզում է»,– նշում է Պիպոյանը։
Սպառողների իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ 2025թ–ին հանրային ծառայությունների ոլորտում բողոքների քանակով ռեկորդակիր է եղել «Վեոլիա Ջուր»–ը։
«Եթե խնդիրը դիտարկենք ՀԷՑ–ի հետ կապված աղմկահարույց իրադարձությունների ֆոնին, «Վեոլիան» բոլորին, այդ թվում` ՀԷՑ–ին, մի քանի անգամ է գերազանցում պրոբլեմատիկ լինելու տեսանկյունից»,– նշում է Պիպոյանը։
Ինչ վերաբերում է ջրի կորուստներին, որոնց մասին իր հայտարարության մեջ նշել էր նաև «Վեոլիա Ջուր»–ը, և որոնք պաշտոնական թվերով ՀՀ ջրամատակարարման համակարգում կազմում են 50-80 տոկոս, դրանց նվազեցման մասին, ըստ Պիպոյանի, տասնամյակներ շարունակ միայն խոսում են, բայց ոչինչ չեն անում, քանի որ չկա հստակ սահմանված ժամկետ ու նվազեցման հստակ ցուցանիշ։
«Եթե չի սահմանում կորուստների նվազեցման մինիմալ շեմ, վերջում կասեն` չկարողացավ կորուստների դեմն առնել, եկեք զրկենք լիցենզիայից։ Բայց գիտե՞ք` երբ կասեն։ Երբ «Վեոլիա Ջուր»–ը մի դիրքորոշում կունենա, որ իրենց սրտով չի։ Հակառակ դեպքում կասեն` բարդ էր 20 տոկոսը, ոչինչ, գոնե 10 տոկոսի հասցրել է։ Հաջորդ 5 տարում էս 10 տոկոսն էլ կվերացնի։ Այսինքն, հանրային ծառայությունների ոլորտում իշխանությունն առաջնորդվում է ոչ թե սպառողի իրավունքով, սպառողի շահով, այլ քաղաքական նպատակահարմարություններով, քաղաքական գնահատականներով և բազմակողմանի անգործությամբ»,– ասում է Պիպոյանը։
ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի` 2025 թվականի մասով առաջարկվող փոփոխությունները
Հատկապես ամռանը ջրի սակավության ու հաճախակի դարձող ջրանջատումների պատճառով սպառողների շրջանում տեսակետ է ձևավորվել, թե դա ուղիղ կապ ունի նաև մայրաքաղաքում մեծ թվով լողավազանները ջուր լցնելու հետ։ Պիպոյանը չի բացառում, որ սա ևս որոշակի ազդեցություն ունի սպառման ծավալների ավելացման վրա, բայց խնդիրը համընդհանուր է` անկախ տվյալ համայնքում լողավազանների քանակից ու չափերից։
«Ընդհանուր առմամբ, սպառման ծավալն ավելանում է, և համակարգը չի հասցնում պահանջարկն ապահովել։ Դրա համար մատակարարը որոշ համայնքներում այլ աղբյուրներից է սկսում ջուր օգտագործել։ Արդյունքում կան տեղեր, որտեղ ընդհանրապես ջուր չի լինում, կան տեղեր, որտեղ ջուր կա, բայց մարդիկ չեն կարողանում այդ ջուրը խմել, ինչ համ ասես` գալիս է»,– նշում է մեր զրուցակիցը` հավելելով, որ ջրի որակի փորձաքննության դեպքերն էլ անօգուտ են, քանի որ սպառողը միշտ ստանում է նույն պատասխանը` խնդիրը ձեր տնից է։
«Եթե ամբողջ համակարգը լծված է ոչ թե սպառողի շահը պաշտպանելուն, այլ ծառայություն մատուցողի անգործությունը ծածկադմփոց անելուն, մեզ մնում է միայն փաստերն արձանագրել ու վերջ։ Անգամ առաջարկություն ներկայացնելու սիրտ ու հավես չի մնացել»,– ասում է սպառողների իրավունքների պաշտպանը։
Հիշեցնենք` 2025թ. հուլիսի 1-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց մի շարք օրենքներում փոփոխությունների օրենսդրական փաթեթը, որոնցով ՀԾԿՀ–ն իրավունք ստացավ մատակարար ընկերության դեմ վարչական վարույթ հարուցել Էներգետիկ համակարգի անվտանգության կամ հուսալիության հավանական խախտման հիմքով, որը հանգեցնում է սպառողների իրավունքների կամ օրինական շահերի, ինչպես նաև լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման։
Ջրամատակարարման համակարգում խնդիրը ՀԾԿՀ–ն չի նկատում, այն դեպքում, երբ «Վեոլիա Ջուր»–ն ինքն է արձանագրում, որ Երևանի որոշ հատվածներում նկատվում են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ: