Վերաքննիչ դատարանը մերժել է Միքայել սրբազանի պաշտպանների բանավոր քննության միջնորդությունը

Միքայել սրբազանը. Արխիվային լուսանկար
Վերաքննիչ դատարանը դատական ակտը կհրապարակի 2025թ.–ի հուլիսի 30-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի կալանքի վերաքննիչ բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ բանավոր ընթացակարգով բողոքը քննելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական թիմը։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները պահանջում են, որ վերաքննիչ բողոքը քննվի բանավոր, ոչ թե գրավոր ընթացակարգով։ Բանավոր ընթացակարգով հնարավորություն կստեղծվեր կողմերի` իրենց իրավունքը լիարժեք իրացնելու հարցում։ Պաշտպանները չէին բացառել նաև գործը նախագահող դատավորին բացարկ հայտնելը։
«Դատավորը ժամկետի փոփոխումը պատճառաբանել է լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնելու, դատարանի ծանրաբեռնվածության և պաշտպաններին իր դեմ բացարկ հայտնելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությամբ»,– ասված է հայտարարության մեջ։
Վերաքննիչ դատարանը դատական ակտը կհրապարակի 2025թ.–ի հուլիսի 30-ին։
Երեկ հայտնի դարձավ, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել է։
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։