Թուրքիան և Սիրիայի նոր իշխանությունը ռազմական համագործակցության համաձայնագիր կկնքեն. ԶԼՄ

Ըստ ԶԼՄ-ների` Սիրիան ավելի վաղ պաշտոնապես օգնություն էր խնդրել Թուրքիայից «պաշտպանական ներուժի ամրապնդման և ահաբեկիչների դեմ պայքարի» հարցում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Թուրքիան և Սիրիայի նոր իշխանությունները ռազմական համագործակցության համապարփակ համաձայնագիր կկնքեն: Այս մասին հայտնում է թուրքական Hürriyet թերթը:
Հրապարակման մեջ չի հստակեցվում, թե երբ է նախատեսվում ստորագրել այդ փաստաթուղթը։ Միայն նշվում է, որ այդ կարևոր քայլին Անկարայում և Դամասկոսում գնում են «Իսրայելի կողմից Սիրիային անվտանգության սպառնալիքների ֆոնին»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիան պաշտոնապես Թուրքիայից օգնություն է խնդրել «պաշտպանական ներուժի ամրապնդման և ահաբեկիչների դեմ պայքարի» հարցում:
Հիշեցնենք` հուլիսի 13-ին հայտնի դարձավ, որ զինված խմբավորումները հարձակվել են Սուվեյդա նահանգի մի շարք բնակավայրերի վրա, որտեղ հիմնականում դրուզներ են ապրում։ Խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար կռվի դուրս եկան դրուզների ինքնապաշտպանական ջոկատները (Իսրայելի կառավարության աջակցությամբ)։ Սիրիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ բախումների ժամանակ ավելի քան 30 մարդ է սպանվել, ավելի քան 100-ը` վիրավորվել։
Սիրիայում թեժ մարտեր են ընթանում իշխանամետ խմբերի և դրուզների միջև. գյուղեր են այրվում
Դրուզներին աջակցելու նպատակով Իսրայելի պաշտպանության բանակը հուլիսի 16-ին հարված հասցրեց Դամասկոսում Սիրիայի գլխավոր շտաբի տարածքին: Սիրիայի հետ սրման ֆոնին Իսրայելի բանակը նաև հայտարարեց Գոլանի բարձունքներ երկու դիվիզիա տեղափոխելու պատրաստակամության մասին:
Հուլիսի 19-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը հայտարարեց, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ Շարաան համաձայնության են եկել հրադադարի շուրջ։
Դրանից հետո Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ Շարաան հայտարարել էր երկրում լիակատար հրադադարի մասին: Իշխանությունները զգուշացրել էին, որ հրադադարի չպահպանումը կհամարվի երկրի ինքնիշխանության խախտում և կհանգեցնի իրավական միջոցառումների: