ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության այցը Թեհրան չի ենթադրում նրա ղեկավարի մասնակցությունը. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳ նախարարի միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբ Աբադին. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ Իրանըհամաձայնել էր ընդունել ՄԱԳԱՏԷ-ի տեխնիկական պատվիրակությանը, որը երկու-երեք շաբաթից կայցելի Իսլամական Հանրապետություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության այցը Իրան չի ենթադրում կառույցի ղեկավար Ռաֆայել Գրոսիի մասնակցությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբ Աբադին։
Հուլիսի 23-ին Ղարիբ Աբադին լրագրողներին հայտնել է, որ Իրանը համաձայնել է ընդունել ՄԱԳԱՏԷ-ի տեխնիկական պատվիրակությանը, նրանք կայցելեն 2-3 շաբաթից:
Ղարիբ Աբադիննաև հավելել է, որ այցի շրջանակներում իրանական կողմը գործակալության ներկայացուցիչներին կպարզաբանի, թե Իսլամական Հանրապետության խորհրդարանի ընդունած օրենքի շրջանակներում ինչպես են ձևավորվելու Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև հարաբերությունները:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնող օրենքի իրագործման մասին: Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նշել է, որ չնայած գործակալության հետ փոխգործակցությունը դադարեցնելու որոշմանը, համագործակցության ուղիները փակ չեն:
Իրանում որպես համագործակցության վերականգնման պայման նշվում է երկրի միջուկային օբյեկտների և ատոմային ոլորտի գիտնականների անվտանգության ապահովումը: Փոխգործակցության դադարեցումը կապված է Ֆորդոյի, Սպահանի և Նաթանզի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ժամանակ ՄԱԳԱՏԷ-ի և գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի ցուցաբերած անգործության հետ: