Կապանի օդանավակայանի 30-ամյա պարապուրդից հետո 70-ամյա դիսպետչերը դուրս է եկել աշխատանքի

Կամո Քոչարյանն աշխատել է 70-ականների սկզբից մինչև օդանավակայանի փակումը՝ 1992 թվականի ապրիլը: 30 տարի անց, իմանալով, որ օբյեկտը վերակառուցվում է, նա վերապատրաստման է գնացել և նորից աշխատանքի ընդունվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Կապանի «Սյունիք» օդանավակայանի դիսպետչեր Կամո Քոչարյանը 30 տարվա դադարից հետո կրկին վերադարձել է աշխատանքի:
Կապանի օդանավակայանը գործել է մինչև 1992 թվականի ապրիլի 24-ը: Այն ժամանակ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների պատճառով օբյեկտի գործունեությունը դադարեցվեց։ Անձնակազմն անցավ զինվորական ծառայության, որը տևեց մոտ մեկ տարի։ Դրանից հետո օդանավակայանը վերջնականապես դադարեցրեց աշխատանքը։
«Օդանավակայանից ոչ միայն սարքավորումներ են հանել, այլև նույնիսկ պատերն են տարել»,-լրագրողների հետ զրույցում պատմում է Քոչարյանը:
Երբ հայտնի դարձավ օդանավակայանի վերականգնման մասին (այն վերսկսեց աշխատանքը 2022 թվականին), Կամո Քոչարյանը, չնայած թոշակի անցնելուն, դիմեց իրեն կրկին աշխատանքի ընդունելու խնդրանքով։
Երևան–Կապան չվերթի ժամանակ նստատեղերի առնվազն 90%-ը զբաղված է լինում. օդանավակայանի տնօրեն
«Ես արդեն թոշակի եմ անցել, բայց եթե հնարավոր է, խնդրում եմ նորից ընդունել ինձ», - ասել էր նա:
Չնայած ծանոթ չէր նոր թվային սարքավորումներին, բայց պարզվեց, որ նրա փորձն անփոխարինելի է: Կամո Քոչարյանն օդանավակայանում ծառայությունը սկսել էր դեռևս 1970-ականների սկզբին՝ նախ ընդունելով «ԱՆ-2», ապա «Յակ-40» ինքնաթիռներ։
«Այդ տարիներին անհրաժեշտ էր հետևել ոչ միայն սարքավորումներին, այլև կովերին. քանի որ ցանկապատներ չկային, կովերը թափառելով երբեմն հասնում էին մինչև թռիչքուղի», - հիշում է նա:
Պատմում է, որ վթարից խուսափելու համար մի անգամ ստիպված էր արգելել ինքնաթիռի վայրէջքը. անփույթ հսկողության պատճառով ինչ-որ մեկի մեքենան մտել էր գոտի, իսկ ինքնաթիռն արդեն վայրէջք էր կատարում։
Ամեն տարի թռիչքների թիվն ավելանում էր՝ սկզբում օրական 4, հետո 6, ապա ավելի քան 10։ Այդ ժամանակ ինքնաթիռներ գալիս էին նույնիսկ Սոչիից. Կապանից ինքնաթիռն ուղղորդվում էր Երևան, այնտեղ ուղևոր հավաքում ու թռչում Ադլեր:
Կնոջս ասում եմ՝ ինձ ինքնաթիռի հրամանատարն է լսում, իսկ դու` ոչ. կարգավարի աշխատանքի մասին
Կապանի շրջկոմի քարտուղար Ռաֆայել Մինասյանն ակտիվորեն աջակցում էր նոր չվերթերի կազմակերպմանը՝ հասկանալով, թե որքան կարևոր է տրանսպորտային հաղորդակցությունը մայրաքաղաքից հեռու գտնվող տարածաշրջանների համար:
«Լավ է, որ այդ ըմբռնումը կա նաև այսօր», - նշում է Կամո Քոչարյանը:
Կրկին աշխատանքի ընդունվելու համար Քոչարյանը 70 տարեկանում յուրացրել է նոր սերնդի նավիգացիոն տեխնիկան, նաև շարունակում է հետևել տեսողությանը:
«Առանց դրա չի կարելի աշխատել, իսկ ես ուզում էի։ Պարբերաբար բուժզննում եմ անցնում։ Թեև ակնոցով եմ, բայց հիմա էլ կարող եմ սարի գագաթին մարդ տեսնել»,- ասում է նա։
Լավ կլիներ, որ սովորելու այսպիսի ցանկություն նաև տեղի երիտասարդներն ունենային... Բայց առայժմ Քոչարյանի ծանոթներից ու հարազատներից ոչ ոք նրան չի մոտենում, օրինակ, այսպիսի հարցով՝ «տղաս մաթեմատիկայից ու ֆիզիկայից ուժեղ է, որտե՞ղ սովորի քո մասնագիտությունը»։ Թեև մասնագիտությունը հարգված է և վատ չի վարձատրվում, բայց ոչ ոք չի շտապում փոխարինել Կամոյին։
Ադրբեջանցիները Շամշադինից Երևան էին թռչում. ի՞նչ պատահեց Բերդի օդանավակայանի հետ
Նշենք, որ Կապանի և Երևանի միջև չվերթերն իրականացնում է «NovAir» ավիաընկերությունը, իսկ օդանավակայանը ղեկավարում է «Սյունիք օդանավակայան» ՍՊԸ-ն, որի բաժնետերերն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և պետության կողմից հիմնադրված «Սյունիքի մարզի զարգացման հիմնադրամը»։