25 մլն դոլար կհատկացվի Արագածոտնում և Շիրակում «Հյուսիս–հարավի» շինարարության համար

Ծրագիրն ի սկզբանե ֆինանսավորվել է Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի վարկերով, սակայն այդ միջոցների օգտագործման ժամկետներն արդեն լրացել են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը մոտ 9,6 մլրդ դրամ կհատկացնի «Հյուսիս–հարավ» ավտոմայրուղու` Արագածոտնի և Շիրակի մարզերում շինարարության ավարտի համար: Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Նշվում է, որ այս գումարը հատկացվում է Աշտարակ–Թալին և Լանջիկ–Գյումրի հատվածներում աշխատանքներն ավարտին հասցնելու համար:
Սիսիան–Քաջարան հատվածի կառուցման համար Ասիական զարգացման բանկի վարկը հավանության արժանացավ
Ծրագիրն ի սկզբանե ֆինանսավորվել է Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի վարկերով, սակայն այդ միջոցների օգտագործման ժամկետներն արդեն լրացել են, իսկ շինարարական աշխատանքները տարբեր պատճառներով ձգձվել են: Արդյունքում ճանապարհի կառուցումն ավարտին հասցնելու համար պակասող գումարը կփոխհատուցվի ՀՀ պետական բյուջեի հաշվին։
Ավելի վաղ նշվել էր, որ «Հյուսիս–հարավ» մայրուղու շրջանակում Երևան–Գյումրի հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականը: Ճանապարհը շահագործման հանձնելուց հետո Երևանի և Գյումրու միջև երթևեկության ժամանակը կկրճատվի մոտ մեկ ժամով:
«Հյուսիս-հարավը» անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր նախագծերից մեկն է։ Նոր և մասամբ վերակառուցված մայրուղին թույլ կտա իրանական սահմանից մինչև վրացական սահման ձգվող 550 կմ ճանապարհը կրճատել մինչև 460 կմ և դեպի Սև ծով ապահովել ավելի հարմարավետ ելք ոչ միայն Հայաստանի, այլև Հնդկաստանի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների համար:
«Հյուսիս-հարավ» նախագծի Ագարակ-Քաջարան հատվածում ավարտվել է 1-ին թունելի փորման աշխատանքը