ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը քննադատել է նախկին նախագահ Բարաք Օբամայի ներկայացուցչի հայտարարությունը, որը 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին տվյալների կեղծման վերաբերյալ պնդումներն «անհեթեթ» է անվանել։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Հետախուզական փաստերի և տվյալների երկար, մանրամասն ցանկ կա, որոնք լիովին հակասում են Օբամայի աշխատակազմի և նրանց հայտարարություններին, ովքեր փորձում են շեղել ուշադրությունը իրականում տեղի ունեցածից։ Իրականում, Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո Բարաք Օբամայի ղեկավարությամբ փորձ է արվել պատրաստել մի փաստաթուղթ, որը կծառայի որպես պատրվակ նախագահ Թրամփի դեմ բազմամյա պետական հեղաշրջման համար», – ասել է նա Fox News հեռուստաալիքի եթերում։
Ավելի վաղ Օբամայի ներկայացուցիչ Պատրիկ Ռոդենբուշը Թրամփի թիմի հայտարարությունները իրական խնդիրներից «ուշադրությունը շեղելու թույլ փորձ» էր անվանել։ Ի պատասխան Գաբարդը նշել էր, որ հետախուզական համայնքի դիրքորոշումը ընտրություններից առաջ խիստ տարբերվում էր այն դիրքորոշումից, որը ձևավորել էին Օբամայի հրահանգով դրանց ավարտից հետո:
Հուլիսի 18-ին Գաբարդի աշխատակազմի կողմից հրապարակված զեկույցի համաձայն՝ Թրամփի հաղթանակից հետո Օբամայի վարչակազմը Ռուսաստանի միջամտության մասին հետախուզական տվյալներ է կեղծել։ Ընտրություններից առաջ, Գաբարդի խոսքով, հետախուզությունը միջամտության որևէ հատկանիշ չի արձանագրել: Սակայն 2016 թվականի դեկտեմբերին նոր զեկույց էր պատվիրվել, որը հակասում էր նախորդ եզրակացություններին, միևնույն ժամանակ գլխավոր տվյալներն այն մասին, որ Ռուսաստանը չի ազդել քվեարկության արդյունքի վրա, գաղտնիացվել էին։