ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է դատավոր Սամվել Մարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ։ Այս մասին տեղեկանում ենք Դատախազության պաշտոնական կայքէջից։
«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ դատավոր Սամվել Կոստյայի Մարդանյանից, նրա կնոջից և որդուց հօգուտ ՀՀ–ի բռնագանձել 3 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, շուրջ 203 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար»,– ասված է հայտարարության մեջ։
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը։
Սամվել Մարդանյանը 1996 թ․-ից աշխատում է դատական համակարգում։ 2004 թվականից Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահն էր, այժմ նույն դատարանում պաշտոնավարում է որպես դատավոր: