ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Իրանը կարևոր է համարում «Եվրաեռյակի» հետ առաջիկա հանդիպումը, սակայն եվրոպական երկրները չպետք է իրենց դիրքորոշումը համակարգեն ԱՄՆ-ի հետ: Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարարի միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբ-Աբադին։
Հուլիսի 21-ին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իրանն ու «Եվրաեռյակի» երկրները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) հուլիսի 25-ին Ստամբուլում փոխարտգործնախարարների մակարդակով բանակցություններ կանցկացնեն Իրանի միջուկային խնդրի շուրջ:
«Այդ հանդիպումը կարևոր է։ Մենք միշտ արժևորել ենք եվրոպական երկրների հետ հանդիպումները, բայց դրա հետ կապված կարևոր հարց է առաջանում։ Մենք նրանց միշտ ասել ենք, որ եվրոպական երկրների քաղաքականությունը պետք է լինի անկախ։ Նրանք չպետք է իրենց դիրքորոշումները համաձայնեցնեն ամերիկացիների հետ», - ասել է Ղարիբ-Աբադին լրագրողներին։
«Եվրաեռյակի» և Իրանի միջև վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարին, երբ Դոնալդ Թրամփը դեռ չէր ստանձնել ԱՄՆ նախագահի պաշտոնը։
Հիշեցնենք` Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-Իրան բանակցություններն արդյունք չտվեցին, իսկ բանակցությունների 6-րդ փուլը չեղարկվեց հունիսի 13-ին սկսված իսրայելական ռազմական հարվածներից հետո: Այն ժամանակ իսրայելական բանակը հարվածներ հասցրեց իրանական միջուկային օբյեկտներին, իսկ թիրախային հարձակումների և դիվերսիաների հետևանքով սպանվեցին իրանցի բարձրաստիճան զինվորականներ և ֆիզիկոսներ։ Թեհրանն էլ սկսեց Թել Ավիվը հրթիռակոծել և անօդաչուներով գրոհել։