Գազայի հատվածում մեկ օրում 15 մարդ է մահացել սովից

Գազայի հատվածում թերսնման հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասել է 101-ի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Վերջին մեկ օրում Գազայի հատվածում 15 մարդ է մահացել սովից։ Տեղեկությունը հայտնում է Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը։
«Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնուցումից մահանալու 15 դեպք, մահացածներից 4–ը երեխաներ են», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայի հատվածի շարունակվող շրջափակման ֆոնին թերսնուցումից մահացածների ընդհանուր թիվը հասել է 101-ի, որոնցից 80-ը երեխաներ են։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: