Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի երկու բողոքները

Հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 29-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «գործով» հերթական նիստը:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Վարդանյանը դիմել է դատարանին՝ հայտարարելով, որ նախաքննության փուլին մասնակցած թարգմանիչները ոչ պրոֆեսիոնալ են եղել, և այդ պատճառով նա բողոք է հայտնել նրանց:
Փաստաբան Աբրահամ Բերմանը, թվարկելով թարգմանիչների անունները, պաշտպանել է Վարդանյանի բողոքը։
Ռուբեն Վարդանյանն ու փաստաբան Աբրահամ Բերմանը
Սակայն դատավոր Զեյնալ Աղաևը որոշել է մերժել միջնորդությունը։
Այնուհետև Վարդանյանը կրկին դիմել է «դատարանին»՝ հայտարարելով, որ իր պաշտպանի հետ ծանոթացել է ս.թ. փետրվարի 25-ի նիստի արձանագրություններին և համաձայն չէ դրանցում նշված որոշ կետերի հետ:
Նրա կարծիքով՝ իր միջնորդության քննարկման կարգը խախտվել է։ Այս հիմքով նա կարծիք է հայտնել, որ «դատարանը» շահագրգռվածություն է ցուցաբերում քրեական հետապնդման նկատմամբ, և կրկին բացարկ է հայտնել դատական կոլեգիային։ Փաստաբանը պաշտպանել է բողոքը։ Այս բողոքը նույնպես մերժվել է։
Այնուհետև հարցաքննվել են «տուժողները»։
Հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 29-ին։
1 / 3

Ռուբեն Վարդանյան

2 / 3

Ռուբեն Վարդանյան

3 / 3

Ռուբեն Վարդանյան

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: