ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Գազայի հատվածում սննդի գներն աճել են 40 անգամ. մասնավորապես, շաքարի մեկ կիլոգրամն արժե 100 դոլար։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալությունը:
Պարբերականը ներկայացնում է լուսանկար, որի համաձայն՝ 1 կիլոգրամ շաքարավազն արժե 100 դոլար, բրինձն ու ալյուրը՝ 30-ական դոլար։
«Մենք սովի մասին հուսահատ հաղորդագրություններ ենք ստանում Գազայից, այդ թվում՝ մեր գործընկերներից։ Պարենային ապրանքների գներն աճել են 40 անգամ, այնինչ Գազայից ոչ հեռու՝ պաղեստինցի փախստականների օգնության ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության պահեստներում առկա պարենի պաշարները կարող են բավականացնել ամբողջ բնակչությանն ավելի քան երեք ամիս։ Գազայում տառապանքը պայմանավորված է մարդկային գործոնով, և այն պետք է դադարեցվի: Դադարեցրե’ք շրջափակումը և թույլ տվեք, որ հումանիտար օգնությունը հասնի անվտանգ և անհրաժեշտ ծավալով», - ասվում է գործակալության` X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ:
Պաղեստինյան կիսաէքսկլավի առողջապահության նախարարությունը հուլիսի 20-ին հայտնել է, որ վերջին մեկ օրում Գազայի հատվածում սովից մահացել է առնվազն 18 մարդ:
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ենթարկվեց աննախադեպ զանգվածային հրթիռային հարձակման։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա և վերցնելով ավելի քան 200 պատանդ։ Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց «Երկաթե թրեր» ռազմական գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
Կողմերի միջև ռազմական գործողությունները, որոնք ընդհատվում են կարճատև զինադադարներով, Գազայի հատվածում խլել են ավելի քան 58 հազար պաղեստինցիների և մոտ 1,5 հազար իսրայելցիների կյանք, ինչպես նաև տեղափոխվել են Լիբանան ու Եմեն և հրահրել Իսրայելի և Իրանի միջև հրթիռային հարվածների փոխանակում:
Դոհայում հուլիսի 6-ին վերսկսվել են Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները: ԶԼՄ-ների տվյալներով՝ առաջին փուլերն ավարտվել են անարդյունք։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդել Աթին, Արաբական Հանրապետությունն այլ միջնորդների՝ Կատարի և ԱՄՆ-ի հետ միասին աշխատում է 60-օրյա հրադադարի ուղղությամբ, որի ընթացքում ենթադրվում է իսրայելցի պատանդների ազատ արձակումը: