ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղից դեպի Հացաշեն գյուղ տանող ավտոճանապարհի 3–րդ կմ հատվածում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և բռնկվել։ Ավտոմեքենայում եղած 5 անչափահասներից մեկը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով` ավտովթար–հրդեհը տեղի ունեցել այսօր ժամը 15։30–ի սահմաններում։ Ավտոմեքենայում եղել է 5 անչափահաս, որոնցից մեկին «Թալին» ԲԿ է տեղափոխել մի քաղաքացի՝ իր անձնական ավտոմեքենայով, սակայն ճանապարհին երեխան մահացել է։
Մյուս 4 երեխաները ևս տեղափոխվել են «Թալին» ԲԿ, որտեղ նրանցից երեքն անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Վիրավորներից մեկնը ըստ բժիշկների` ունի վնասվածքներ և պետք է մնա իրենց հսկողության տակ։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և հիվանդանոց տեղափոխված 4 երեխաների ինքնությունը։