ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Սիրիայի իշխանությունները սկսել են ներքին անվտանգության ուժեր տեղակայել Աս Սուվեյդա հարավային նահանգում՝ դրուզական ուժերի և բեդվին ցեղերի միջև արյունալի բախումներից հետո։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Սիրիա» հեռուստաընկերությունը, հայտարարել է Սիրիայի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նուր ադ Դին ալ Բաբան։
«Հանցավոր խմբավորումների կողմից հրահրված արյունալի իրադարձություններից հետո և Հանրապետության նախագահի ցուցումով, ներքին անվտանգության ուժերը սկսել են տեղակայվել Աս Սուվեյդա նահանգում՝ որպես համազգային առաքելության մաս, որի հիմնական նպատակն է պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և վերջ դնել քաոսին», - ասվում է հայտարարության մեջ։
ՆԳՆ ներկայացուցիչը պնդում է, որ «պետությունը՝ իր բոլոր քաղաքական և անվտանգության կառույցներով, շարունակում է ջանքերը Աս Սուվեյդա նահանգում անվտանգությունն ու կայունությունը վերականգնելու համար»։
Հիշեցնենք` հուլիսի 13-ին հայտնի դարձավ, որ զինված խմբավորումները հարձակվել են Սուվեյդա նահանգի մի շարք բնակավայրերի վրա, որտեղ հիմնականում դրուզներ են ապրում։ Խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար կռվի դուրս եկան դրուզների ինքնապաշտպանական ջոկատները (Իսրայելի կառավարության աջակցությամբ)։ Սիրիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ բախումների ժամանակ ավելի քան 30 մարդ է սպանվել, ավելի քան 100-ը` վիրավորվել։
Դրուզներին աջակցելու նպատակով Իսրայելի պաշտպանության բանակը հուլիսի 16-ին հարված հասցրեց Դամասկոսում Սիրիայի գլխավոր շտաբի տարածքին: Սիրիայի հետ սրման ֆոնին Իսրայելի բանակը նաև հայտարարեց Գոլանի բարձունքներ երկու դիվիզիա տեղափոխելու պատրաստակամության մասին:
Հուլիսի 19-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը հայտարարեց, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ Շարաան համաձայնության են եկել հրադադարի շուրջ։