ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն պատրաստ չէ պնդել, որ մինչև նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ավելի վաղ հայտարարված 50-օրյա ժամկետի ավարտը կհաջողվի հրադադարի հասնել Ուկրաինայի հակամարտությունում։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հուլիսի 17-ին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը։
«Ես չեմ կարող կանխատեսել, թե ինչը կարող է լինել, և ինչը՝ ոչ: Բայց լավ նորությունն այն է, որ աշխարհը գիտի նախագահ Թրամփի, պետքարտուղարի և ամերիկյան կառավարության դիրքորոշումն ու արժեքները, և մենք, իհարկե, հավատարիմ ենք մնում Ուկրաինային և խաղաղ կարգավորմանը», - ասել է Բրյուսը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն սպասում է հակամարտության հրադադարին առաջիկա 50 օրվա ընթացքում:
Բրյուսը հավելել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ծրագրում է անել այնպես, որ Ուկրաինան ստանա իրեն անհրաժեշտ պաշտպանության միջոցները:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «շատ դժգոհ է Ռուսաստանից» և մտադիր է «շատ խիստ մաքսատուրքեր» սահմանել, եթե չհաջողվի Ուկրաինայի հարցով գործարքին հասնել 50 օրվա ընթացքում, իսկ «երկրորդային տուրքերի» դրույքաչափը Ուկրաինայի կարգավորման հարցում առաջընթաց չլինելու դեպքում կկազմի «մոտ 100 տոկոս»: Միաժամանակ նա հույս է հայտնել, որ «գործը դրան չի հասնի»։