ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. ՀԷՑ-ի կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Հիշեցնենք, որ երեկ մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հոսանքազրկումները Հայաստանի ողջ տարածքում համակարգային են ու վտանգում են երկրի էներգետիկ անվտանգությունը։
Նա նշել էր, որ պետք է այս հարցով հետաքննություն անցկացվի, որպեսզի պարզ լինի, արդյո՞ք դրանք մտածված են եղել, թե՞ ոչ։
ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։ Հուլիսի 8-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց ՀԷՑ-ի պետականացման հնարավորություն տվող օրենքը։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար: