ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ռոմանոս Պետրոսյանը ազատվել է պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից։ Այս մասին այսօր որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Որոշման համաձայն` ՊՎԾ պետի պարտականությունները ժամանակավոր կկատարի ՊՎԾ պետի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը։
Ավելի վաղ մամուլում հայտնվել էր տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին ցանկանում է նշանակել ՀԷՑ–ի կառավարիչ։
Նշենք, որ հուլիսի 8-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման հնարավորություն տվող օրենքը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։