Մեր բաժին Արևմուտքը Թուրքիան է․ Սուրենյանցը` ճանապարհի արտապատվիրակման մասին

Քաղաքական վերլուծաբանի կարծիքով՝ Փաշինյանը հրաժարվել է ապաշրջափակման «փոխադարձության» սկզբունքից, քանի որ Ալիևն այն մերժել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում այլևս չի օգտագործում «փոխադարձության» սկզբունքը, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այն չի ընդունել։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով Փաշինյանի երեկվա ասուլիսը։
Օրեր առաջ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող վեճի մասին, տեսականորեն հնարավոր էր համարել Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան ճանապարհը ամերիկյան կառավարմանը հանձնելը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի ն16–ի ասուլիսում հաստատեց, որ ԱՄՆ–ն հետաքրքրված է Հայաստանի ճանապարհների արտապատվիրակմամբ։
Նրա խոսքով՝ ասուլիսի առաջին իսկ րոպեներից պարզ էր, որ Փաշինյանը խոսելու է ցավալի լուծումների մասին։ Ապաշրջափակման համար 4 հայտնի սկզբունք կա՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն և փոխադարձություն։ Վերջինը, ըստ Սուրենյանցի, Փաշինյանը 4 անգամ «մոռացավ» նշել, որովհետև Ադրբեջանը մերժել է փոխադարձության սկզբունքը։
«2 բաղադրիչով է մերժել․ մի դեպքում, որ այն ռեժիմը, որ տարածվելու է Արաքսի հովտի 42 կմ-անոց հատվածում, տարածվի նաև մյուս մասերում, օրինակ` եթե մենք ցանկանանք Ադրբեջանի տարածքով գնալ Ռուսաստան։ Երկրորդ բաղադրիչն էլ այն է, որ մերժել է ընդհանուր ապաշրջափակման համատեքստը։ Կենտրոնացել են միայն 42 կմ-ի վրա, որովհետև եթե փոխադարձության բաղադրիչները չեն լինելու, ապա մենք երբևէ Մեղրի-Նախիջևանով չենք գնալու․ դա կլինի արկածախնդրություն, ու մենք կհայտնվենք ադրբեջանական բանտում»,- նշեց Սուրենյանցը։
Քաղաքական վերլուծաբանը նշում է, որ այս ամբողջը Փաշինյանը փաթեթավորեց «արտապատվիրակում՝ որպես լոկալ ներդրումային նախագիծ» քողի տակ՝ համեմատություններ անցկացնելով «Հարավկովկասյան երկաթուղու», «Զվարթնոց» օդանավակայանի կառավարման հետ։ Իբրև թե մեզ արտապատվիրակումն ու ներդրումները պետք են, որովհետև Հայաստանը նախագիծն իրականացնելու համար ֆինանսական միջոցների կարիք ունի, իսկ Ադրբեջանն, օրինակ, չունի։ Փաշինյանն այս ամենի պատճառաբանության առաջին տեղում տնտեսական բաղադրիչն է առաջ բերում, մինչդեռ իրականում այն վերջին տեղում է։
Շեշտում է՝ այն, ինչի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, բերելու է Հայաստանի ինքնիշխանության էական սահմանափակման այդ 42 կմ հատվածում, բայց դա նաև Հայաստանին ո՛չ անվտանգության երաշխիք է տալու, ո՛չ էլ իրական ապաշրջափակման է բերելու։
«Սարսափելի մի բան է տեղի ունենում․ Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը՝ Արաքսի հովտով անցնող այդ մասը, միջազգային խոսույթում ընկալվում է որպես վիճելի տարածք։ Եթե դու հիմա գնում ես նման լուծման, Ադրբեջանն ու Թուրքիան հետո ավելին են ուզելու՝ օգտագործելով վիճելի տարածքի նախադեպը»,- նշում է Սուրենյանցը։
Ինչ վերաբերում է ամերիկյան ընկերությանն արտապատվիրակմանը՝ քաղաքական վերլուծաբանը հիշեցնում է՝ մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի և առհասարակ Արևմուտքի շահերի օպերատորը Թուրքիան է։
«Այսինքն՝ էն որ հեղափոխական թափառախմբի ներկայացուցիչները հպարտանում են, թե ռուսական ծիրից ազատվում ենք ու դառնում ենք ինքնիշխան երկիր, երկրորդ մասը չեն ներկայացնում հասարակությանը, որ դրա հետևանքով թուրքական ազդեցությունն է տարածաշրջանում մեծանալու՝ դրանից բխող հետևանքներով»,- նշեց Սուրենյանցը՝ արձանագրելով, որ «մեր բաժին Արևմուտքը Թուրքիան է»։
Ինչ վերաբերում է Փաշինյանի վերջին այցերին, ըստ Սուրենյանցի՝ թե՛ Աբուդաբիում, և թե` Բրյուսելում քննարկման հիմնական թեման Սյունիքով անցնող ճանապարհի հարցն է եղել։ Քաղաքական վերլուծաբանը վստահ է, որ նախագծի գլխավոր շահառուներից մեկը Եվրամիությունն է և վերջին հանդիպումներում զրույցների փուլից արդեն անցում է կատարվել իրականացման փուլին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն արձագանքել էր Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքի հայտարարությանը` նշելով, որ Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը:
«Հնարավոր է` ստեղծվի մի ընկերություն». Փաշինյանը` ճանապարհ արտապատվիրակելու մասին