ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Իսրայելն ահաբեկչական պետություն է անվանել Սիրիայի կառավարական օբյեկտներին ՑԱԽԱԼ-ի հարվածներից հետո:
«Վերջին երկու օրերին Իսրայելն իր հանցավոր գործողությունները տեղափոխել է Սիրիա՝ դրուզներին պաշտպանելու պատրվակով։ Իսրայելը ահաբեկչական պետություն է, որը չի ճանաչում օրենքը, իրավունքը և սկզբունքները»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը ազգին ուղղված ուղերձում:
Նա հավելել է, որ Թուրքիան թույլ չի տա Սիրիայի մասնատումը, իսկ Իսրայելի ագրեսիան այսօր ամենամեծ խնդիրն է տարածաշրջանի համար:
«Նրանք, ովքեր կհետևեն Իսրայելի օրինակին, վաղ թե ուշ կհասկանան, որ հսկայական սխալ են թույլ տվել հաշվարկներում։ Ինչպես երեկ մենք թույլ չէինք տալիս Սիրիայի ապաինտեգրումը, նույն կերպ էլ մենք դա թույլ չենք տա ոչ այսօր, ոչ վաղը»,-հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին հայտնի էր դարձել Սուվեյդա նահանգում մի շարք դրուզական (էթնիկ խմբեր, որոնց աջակցում է Իսրայելի կառավարությունը-խմբ.) բնակավայրերի վրա սիրիական զինված խմբավորումների հարձակման մասին, ինչի հետևանքով փակվել էր նաև նահանգը Դամասկոսին կապող մայրուղին: Խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար դրուզական ինքնապաշտպանական ջոկատները բախումներ են սկսել զինյալների հետ։
Դրուզներին աջակցելու նպատակով Իսրայելի պաշտպանության բանակը հուլիսի 16-ին հարված է հասցրել Դամասկոսում Սիրիայի գլխավոր շտաբի տարածքին: Սիրիայի հետ հակամարտության սրման ֆոնին Իսրայելի բանակը նաև հայտարարել է Գոլանի բարձունքներ երկու դիվիզիա տեղափոխելու պատրաստակամության մասին:
Իսրայելի վարչապետ Բենիաին Նեթանյահուն երկրի քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է սիրիական փոքրամասնության՝ դրուզների փրկության գործողության մասին: Իսրայելական զորքերը տեղափոխվում են Սիրիայի գրավյալ տարածք։ Նրանք կարող են գրավել այն տարածքը, որտեղ ապրում են դրուզները, այսինքն՝ Սիրիայի տարածքի 5-10%-ը։