ՀԷՑ–ի կառավարումը կարող է հանձնվել օտարերկյա պետության. Փաշինյան

Նա բացառեց ընկերության կառավարումը թուրքական կողմի հանձնելու հնարավորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհերքեց, որ Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) կառավարումը կարող է հանձնվել օտարերկրյա պետության։
«Մի շարք բարեկամ երկրներում գործող միջազգային առաջատար ընկերություններին արդեն ուղերձը հղել ենք, որ մենք կարող ենք նրանց հետ գործակցելու հետաքրքրություն ունենալ»,– լրագրողների հետ հանդիհպման ժամանակ ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ՀԷՑ-ը թուրքական ընկերության չի հանձնվի, քանի որ անհնար է համարում նման գործակցությունն այնպիսի պետությունների հետ, որոնց հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ, ինչպես նաև առկա են փակ սահմաններ։
Ինչ վերաբերում է հոսանքազրկումների հետ կապված Փաշինյանի հայտարարությանը, որ դրանք համակարգային են ու վտանգում են երկրի էներգետիկ անվտանգությունը, և եթե պարզվի, որ մտածված են եղել, հետևություններ կլինեն, Փաշինյանն ասաց, թե դեռ պետք է «հետաքննություն արվի»։
«Պետությունը դեռևս ՀԷՑ-ի կառավարումը չի ստանձնել։ Երբ դա տեղի ունենա ու ժամանակավոր կառավարիչ նշանակված լինի, պետք է խնդրեմ, որ այս հարցերին օբյեկտիվ պատասխան գտնելու ուղղությամբ ջանքեր գործադրեն»,– ավելացրեց Փաշինյանը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։ Հուլիսի 8-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց ՀԷՑ-ի պետականացման հնարավորություն տվող օրենքը։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար: