ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր հայտարարությունները բավական լուրջ են։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«ԱՄՆ նախագահի հայտարարությունները բավական լուրջ են, դրանցում ինչ-որ բան ուղղված է անձամբ նախագահ Պուտինին։ Մեզ, անշուշտ, ժամանակ է պետք Վաշինգտոնում ասվածը վերլուծելու համար։ Եվ եթե նախագահ Պուտինը անհրաժեշտ համարի, նա անպայման կմեկնաբանի դա։ Չէի ցանկանա առաջ անցնել, եկեք սպասենք Պուտինի որոշմանը»,– ասել է Պեսկովը։
ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Մոսկվան շարունակում է պատրաստ լինել Կիևի հետ բանակցությունների երրորդ փուլին, սակայն հանդիպման առաջարկներ դեռևս չեն եղել։
Հիշեցնենք` հուլիսի 14-ին Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ–ն 100% մաքսատուրք կսահմանի Ռուսաստանից ներմուծվող ապրանքների համար և երկրորդային պատժամիջոցներ ռուսական նավթ գնող երկրների դեմ, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 50 օրվա ընթացքում հրադադարի համաձայնագիր չկնքվի։
Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցների ճնշումը, որը Արևմուտքը սկսել է գործադրել մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, և որ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը։ Նրա խոսքով՝ Արևմուտքի գլխավոր նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։