ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով գործարքի հասնելու համար իր հայտարարած 50-օրյա ժամկետը շատ երկար չի համարում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ առաջնորդը կարող է 100–տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի և երկրորդային պատժամիջոցներ` ռուսական նավթ գնող երկրների նկատմամբ, եթե 50 օրվա ընթացքում Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ գործարք չկնքվի։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը ողջունել է Թրամփի հայտարարությունը, սակայն50 օրը դրա համար երկար ժամկետ է անվանել:
«Չեմ կարծում, որ 50 օրը շատ երկար է։ Դա (գործարքը– խմբ.) կարող է ավելի շուտ ձեռք բերվել»,-Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։
Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ «շատ վատ կլինի», եթե 50 օրվա ընթացքում չհաջողվի գործարքի հասնել Ուկրաինայի հարցով` կրկնելով մաքսատուրքեր և պատժամիջոցներ սահմանելու իր խոստումները:
Պարզաբանելով ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ իր դիրքորոշումը` նա հայտարարել է, որ ինքը ոչ մեկի կողմից չէ, «մարդկության կողմից է»:
ԱՄՆ առաջնորդի խոսքով` ինքը ձգտում է դադարեցնել մարդկային զոհերը։
Սպիտակ տան ղեկավարը նաև հավաստիացրել է, որ չի ծրագրում Ուկրաինային մեծ հեռահարության հրթիռներ մատակարարել:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Թրամփի հայտարարությունները լուրջ է անվանել` նշելով, որ վերլուծության համար ժամանակ է պետք: Նա հիշեցրել է, որ Մոսկվան պատրաստ է Կիևի հետ բանակցությունների երրորդ փուլին, սակայն հանդիպման վերաբերյալ առաջարկներ դեռ չեն ստացվել: