ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել: Տեղեկությունը հայտնում է ArmLur.am–ը։
Լրատվամիջոցն ավելի վաղ գրել էր, որ Դիանա Գասպարյանը Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել և հարցաքննվել։
Թե ինչ մեղադրանք է առաջադրվել նրան և ինչ գործի շրջանակում, դեռ հայտնի չէ։
Հիշեցնենք` 37-ամյա Դիանա Գասպարյանը, որի ընտանիքի անդամները նրա պաշտոնավարման ընթացքում տարբեր աղմկահարույց պատմություններում են հայտնվել, մայիսին որոշեց հրաժարական տալ՝ պատճառաբանելով, թե 7 տարվա պաշտոնավարումից հետո որոշել է ժամանակն այսուհետ նվիրել ընտանիքին:
2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ուսումնասիրելով «Հետք»-ի՝ «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել» վերնագրով հոդվածը, նյութերն ուղարկել էր գլխավոր դատախազություն, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: Գլխավոր դատախազությունից հաստատել էին քրեական վարույթ նախաձեռնելու փաստը և հայտնել, որ այն միացվել է «Հետք»-ի նույն հրապարակման հիման վրա ավելի վաղ հարուցված վարույթին:
2025 թ. մարտի 22-ին հայտնի դարձավ, որ Դիանա Գասպարյանի ամուսնուն պատկանող գազալցակայանում կրակոց է հնչել, 36-ամյա տղամարդ է մահացել։ Ըստ ԶԼմ-ների՝ իրավապահները սպանության գործով փնտրում են Արմավիրի մարզում «ՃԱՊ» մականունով հայտնի 33-ամյա Կարեն Բադալյանին։ Ըստ տեղեկությունների՝ մարտի 25-ին կատարված սպանության գործով իրավապահները խուզարկություն են կատարել Դիանա Գասպարյանի տանը։
Մարտին հայտնի դարձավ նաև, որ Դիանա Գասպարյանը 13,6 մլն դրամի գնման պայմանագիր է կնքել իր սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի հետ, և այդ փաստով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցել։
Հավելենք, որ դեռ 2023թ․լրատվամիջոցները գրում էին, որ Դիանա Գասպարյանի սկեսուրը Վաղարշապատում ապօրինի շինարարությամբ է զբաղվում։ Այն ժամանակ ևս Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել էր վարույթ, Դիանա Գասպարյանը հարցաքննվել էր։