ԱԺ ընդդիմությունը ՍԴ դիմում է ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ–ը «խլելու» օրենքը. «Փաստինֆո»

Դիմումը ներկայացվել է հուլիսի 11–ին, սակայն այն վարույթ ընդունելու մասին որոշում դեռևս չի կայացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում են ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ–ը «խլելու» վերաբերյալ ՀՀ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցը։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։
Լրատվամիջոցը նշում է, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները միևնույն ժամանակ միջնորդել են, որ իրենց դիմումը վարույթ ընդունելու որոշմամբ կասեցվի նաև օրենքի գործունեությունը՝ մինչև ՍԴ-ի կողմից վերջնական դատական ակտ կայացնելը։
Դիմումը ներկայացվել է հուլիսի 11–ին, սակայն այն վարույթ ընդունելու մասին որոշում դեռևս չի կայացվել` թեև համապատասխան որոշման համար օրենքով նախատեսված է եռօրյա ժամկետ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Փաստինֆո»–ի հետ զրույցում նշել է, որ դիմումով վիճարկում են մի քանի հոդվածներ և ձևակերպումներ։
Պատգամավորի խոսքով` առաջին հերթին անդրադարձել են սեփականության իրավունքին։
Նա տեղեկացրել է, որ 2–րդ խումբ խախտումները վերաբերում են հիմնարար սկզբունք համարվող՝ օրենքի հետադարձության արգելքի սկզբունքի խախտմանը, երբ, օրինակ, էներգետիկ համակարգի ձեռնարկությունը կարող է մինչև այս օրենքի ընդունումը և ուժի մեջ մտնելը թույլ տրված խախտումների համար ենթարկվել պատասխանատվության։
Դիմումում նշված 3–րդ խումբ հարցերը վերաբերում են Սահմանադրությամբ նախատեսված` ինքնավար մարմինների անկախության և ինքնուրույնության սկզբունքների խախտմանը։ Այս դեպքում խոսքը վերաբերում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումներին։
Բացի այդ, միջնորդություն կներկայացվի նաև գործի քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու մասին, քանի որ հարցն ունի հանրային մեծ հնչեղություն։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։ Հուլիսի 8-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց ՀԷՑ-ի պետականացման հնարավորություն տվող օրենքը։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար: