ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. ԱՄՆ-ն և ԵՄ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ. դրա ծախսերը կապահովի Եվրոպան։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այսօր մենք գործարք ենք կնքել, որով զենք կուղարկենք նրանց (Ուկրաինային – խմբ.), իսկ նրանք (Եվրամիությունը – խմբ.) կվճարեն դրա համար», – Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ ասել է Թրամփը:
Նրա խոսքով՝ Կիևին ամերիկյան զենքի մատակարարման համակարգմամբ զբաղվելու են ՆԱՏՕ-ն և դաշինքին կից ԱՄՆ մշտական ներկայացուցիչը:
Թրամփը հավելել է, որ Patriot-ի 17 համակարգեր պատրաստվում են տեղափոխել Ուկրաինա. դրանցից մի քանիսը կուղարկվեն արդեն առաջիկա օրերին:
ԱՄՆ առաջնորդը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները «շատ կոշտ» մաքսատուրքեր կսահմանի, եթե ուկրաինական հակամարտության շուրջ 50 օրվա ընթացքում պայմանավորվածություն ձեռք չբերվի:
«Մենք շատ կոշտ մաքսատուրքեր կսահմանենք, եթե 50 օրվա ընթացքում համաձայնություն ձեռք չբերվի. տուրքերը կլինեն մոտավորապես 100 %-ի սահմանաչափում, դրանք կարելի է անվանել երկրորդային տուրքեր», — ասել է Թրամփը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինան կարող է հսկայական քանակությամբ սպառազինություն ստանալ ՀՕՊ-ի համար, ինչպես նաև հրթիռներ և զինամթերք:
Ավելի վաղ ամերիկյան մի քանի ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Պենտագոնը որոշում է կայացրել դադարեցնել Կիևին սպառազինության առանձին տեսակների մատակարարումները՝ անակնկալի բերելով Սպիտակ տանը:
Կասեցման մասին հաղորդվել էր հուլիսի 1-ին, նույն ժամանակաընթացքում Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Կիևին ռազմական օգնությունը շարունակվում է, խոսքը միայն որոշ տեսակների մասին է։ Թրամփն ասել էր, որ ԱՄՆ-ն օգնություն պլանավորելիս ելնելու է սպառազինության սեփական պաշարների վիճակից և իր կարիքները բավարարելու անհրաժեշտությունից: Հուլիսի 7-ին Թրամփը խոստացել էր ավելի շատ զենք ուղարկել Ուկրաինային՝ ընդգծելով, որ խոսքն առաջին հերթին «պաշտպանական» միջոցների մասին է:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որքան քիչ զենք է մատակարարվում Ուկրաինային, այնքան մոտենում է հատուկ ռազմական գործողության ավարտը: Նա նաև հավելել էր, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցային գործընթաց նախաձեռնելու ուղղությամբ Թրամփի ջանքերը, սակայն Ուկրաինային սպառազինությունների մատակարարումները չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը: