ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ռուսաստանն առաջվա պես սպասում է Ուկրաինայի հետ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետի վերաբերյալ առաջարկի, սակայն Կիևը չի շտապում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ակնհայտ է, որ Կիևը չի շտապում։ Մենք նախկինի պես սպասում ենք (բանակցությունների երրորդ փուլի) ժամկետների վերաբերյալ առաջարկի», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
Նա մեկնաբանել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Ուկրաինային «Patriot» համակարգեր ուղարկելու մտադրության մասին հայտարարությունը` ընդգծելով, որ ամերիկյան զենքն ու ռազմական տեխնիկան շարունակվում են մատակարարվել Ուկրաինա։
«Շատ բան է խոսվել թանկ լինելու և այլնի մասին։ Հիմա կարծես թե ստացվում է, որ այդ մատակարարումների համար վճարելու է Եվրոպան։ Ինչ–որ բանի համար կվճարեն, ինչ–որ բանի համար չեն վճարի։ Բայց փաստը մնում է փաստ, որ զենքի, հանդերձանքի և ռազմական տեխնիկայի մատակարարումն ԱՄՆ–ի կողմից շարունակվում է», – ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում ուղիղ բանակցությունների երկու փուլ են անցկացրել, որոնց արդյունքում գերիների փոխանակում է իրականացվել, և Ռուսաստանը զոհված ուկրաինացի զինծառայողների մարմիններ է փոխանցել Կիևին։ Բացի այդ, կողմերը հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծեր են փոխանցել միմյանց։
Ինչպես հուլիսի 1-ին հայտարարեց Պեսկովը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլի ժամկետները համաձայնեցվում են։ Ավելի ուշ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնեց, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին։