Նոր Նորքի թաղապետարանի աղմկահարույց դեպքերի առնչությամբ հարուցված քրգործերը միացվել են

ՀՀ քննչական կոմիտե
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել օրվա նախկին թաղապետի և աշխատակազմի 3 աշխատակցի նկատմամբ, ինչպես նաև ակտիվիստ Արթուր Չախոյանի և «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Երևանի Նոր Նորքի թաղապետարանում ապրիլի 29-ին և 30-ին տեղի ունեցած աղմկահարույց դեպքերի վերաբերյալ նախաձեռնված 2 քրեական վարույթները միացվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի և նախորդ օրը ակտիվիստի և ավագանու անդամի կողմից վարչական շրջանի աշխատակազմի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունը:Նախաձեռնված երկու քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրությունում:
Հիշեցնենք` ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր–Մարգարյանն ու թաղապետարանի աշխատակիցները ծեծեցին ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Վնասվածքներ ստացած Չախոյանը ձերբակալվեց, ապա ոստիկանության բաժանմունքից տեղափոխվեց հիվանդանոց։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց։ Միջադեպը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Չախոյանը հայտարարեց, որ կոռուպցիոն սխեմա է բացահայտել՝ կապված մանկապարտեզի կառուցման հետ: Մինչ այդ Չախոյանը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ գնացել էր Նոր Նորքի թաղապետի հետ հանդիպման, սակայն նրանք այդպես էլ չհանդիպեցին։ Փոխարենը շենքի առաջին հարկում Մանուկյանը կախեց Տեր–Մարգարյանի լուսանկարները և վրան յոգուրտ լցրեց` ասելով, որ դա իրեն հեռախոսով հայհոյելու պատասխանն է։
Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից հետո քրեական վարույթ նախաձեռնվեց, որով թաղապետն ու ևս 3 աշխատակիցներ անցնում են ֆիզիկական բռնության հոդվածով, իսկ Արթուր Չախոյանն ու Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ խուլիգանության։
Մայիսի 5–ին քաղաքապետ Տիգրան Ավինյանը թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը որակեց սադրանքի հետևանք, Նոր Նորքի թաղապետը ներողություն խնդրեց քաղաքապետից ու հանրությունից։ Մայիսի 7-ին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց՝ կատարվածից պետք է բխեն հետևանքներ։
Տիգրան Տեր–Մարգարյանը թաղապետարանում ակտիվիստին ծեծելուց 20 օր անց` մայիսի 19-ին, հրաժարական ներկայացրեց։