ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ նոր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է։ Այս մասին նա ուղերձ է հղել կալանավայրից, որտեղ գտնվում է հունիսի 18–ից։
Ինչպես հայտնել ենք, հուլիսի 4–ին կալանավայրից հղած իր ուղերձում գործարար, բարերար Սամվել Կարապետյանն ասել էր, որ գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը` ըստ էության հայտարարելով նոր քաղաքական միավորի ստեղծման մասին։
Այսօրվա ուղերձում Սամվել Կարապետյանը նշել է, որ իր նախորդ ուղերձը շատ է քննարկվել, եղել են նաև իրականությունից կտրված տարբեր մեկնաբանություններ։ Նա ընդգծել է, որ մեծ հարգանքով է վերաբերվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքականության դեմ մինչ օրս իրական պայքար մղած քաղաքական ուժերին և գործիչներին, բայց խոսքը սկզբունքորեն նոր քաղաքական ուժի մասին է։
«Մենք Հայաստանի համար լավ ապագա կառուցելու մեր պատկերացումն ունենք։ Ու գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ։ Փորձելու ենք համախմբել մեր ժողովրդին արդար ու մեծ նպատակների շուրջ։ Մերժելու ենք սև-սպիտակի և արհեստական մյուս բաժանումները, որպիսիք այս իշխանությունները փաթաթել են հասարակության վզին՝ պառակտելով ու թուլացնելով մեր երկիրը»,–գրել է Սամվել Կարապետյանը։
Նա նշել է, որ նույնիսկ այսօրվա իշխանության տարբեր օղակներում աշխատում են իսկական պրոֆեսիոնալներ, որոնք համամիտ չեն վարվող քաղաքականության հետ, սակայն դեռ չեն տեսնում այն ճանապարհը, որը ելք կհամարեին ստեղծված իրավիճակից։
«Անելո՛ւ ենք՝ մեր ձևով»,–ուղերձը եզրափակել է Սամվել Կարապետյանը։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։