Ինչ է խոստանում ԵՄ-ն Հայաստանին Բրյուսելում Փաշինյանի մասնակցությամբ գագաթնաժողովից հետո

Բարձրագոչ հայտարարություններ են հնչում Բրյուսելից. ԵՄ ղեկավարությունը խոստանում է նոր ֆինանսական տրանշներ Երևանի հավատարմության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ ԵՄ-ն խոստացել է Հայաստանում ներդրումների ծավալը հասցնել 2,5 մլրդ եվրոյի «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակներում և 1,5 մլն եվրո հատկացնել «անկախ ԶԼՄ-ներին» իբր «տեղեկատվական էկոհամակարգի»պահպանման համար։ Այսպիսին են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հանդիպման հիմնական արդյունքները, որոնք նշված են համատեղ հայտարարության մեջ։ Հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից։
«2024 թվականի ապրիլին հայտարարված 270 միլիոն եվրո արժողությամբ «Դիմակայունություն և աճ» ծրագիրը 50%-ով մեծացրել է ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսավորումը: Ներդրումները խթանելուն միտված 200 միլիոն եվրոյի դրամաշնորհային օգնությամբ և 70 միլիոն եվրոյի դրամաշնորհային ֆինանսավորմամբ՝ այն շարունակում է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգին, ավելի սերտ ոլորտային համագործակցությանը և էներգետիկայի, տրանսպորտի և մասնավոր հատվածներում ներդրումներին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև անվտանգության ոլորտում համագործակցությունը: Առաջնորդները ողջունել են ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության խորհրդակցությունների մեկնարկը՝ ընդգծելով խաղաղության, կայունության և ժողովրդավարական դիմակայունության նկատմամբ իրենց համատեղ հանձնառությունը:
«Անդրադառնալով անվտանգության հետ կապված մի շարք մտահոգությունների, այդ թվում՝ արտաքին տեղեկատվության մանիպուլյացիաներին և միջամտությանը, ապատեղեկատվությանը և կիբեռսպառնալիքներ, ԵՄ-ն առաջարկել է համագործակցել Հայաստանի հետ՝ գնահատելու նրա կարիքները, որոշելու համագործակցության առաջնահերթ ոլորտները և կիրառելու ԵՄ առկա գործիքները: Հայաստանի տեղեկատվական էկոհամակարգին աջակցելու համար ԵՄ-ն հայտարարել է անկախ լրատվամիջոցների ամրապնդման համար նախատեսված 1.5 միլիոն եվրոյի նոր փաթեթի մասին»,–նշված է հայտարարության մեջ։