Չինաստանում Աննա Հակոբյանի ուսման ծախսը կհոգա Պեկինի Նորմալ համալսարանը

Հակոբյանը նշել է, որ Չինաստանում գտնվելու ընթացքում իրեն անվտանգություն չի տրամադրվելու։ Երկու տարվա ընթացքում ապրելու է Պեկինում` ժամանակ առ ժամանակ Հայաստան գալով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ՀՀ վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի ուսման ծախսը Չինաստանում կհոգա Պեկինի Նորմալ համալսարանը։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է Աննա Հակոբյանը` պատասխանելով լրատվամիջոցներից մեկի գրավոր հարցմանը։

«Beijing Normal University-ն միջազգային ուսանողներին տրամադրում է կրթաթոշակ երկամյա ուսման ծախսերը հոգալու համար, որը կազմում է 60,000 RMB (~USD 8,300) , և ես դիմել եմ այդ հնարավորությունից օգտվելու համար։ Կեցությանս ծախսերը հոգալու ենք անձնական միջոցներով»,–գրել է նա։

Հակոբյանը նշել է, որ Չինաստանում գտնվելու ընթացքում իրեն անվտանգություն չի տրամադրվելու։ Երկու տարվա ընթացքում ապրելու է Պեկինում` ժամանակ առ ժամանակ Հայաստան գալով։
«Ընտրել եմ չինական փիլիսոփայությունը, որպեսզի կյանքի մեր փիլիսոփայությունն ավելի լավ հասկանամ։ Կարծում եմ, որ մեզնից շատ տարբերվող մշակույթն ու փիլիսոփայությունն ուսումնասիրելը օգտակար կլինի ինքներս մեզ ավելի լավ հասկանալու տեսանկյունից»,–գրել է նա։
Ինչպես հայտնել էինք, որ Աննա Հակոբյանը սեպտեմբերին կմեկնի Չինաստան` երկամյա մագիստրոսական ծրագրով ուսանելու «Չինական փիլիսոփայություն» Պեկինի Նորմալ համալսարանում (Beijing Normal University)։ Նա կուսումնասիրի չինական փիլիսոփայության հիմնաքարային ուղղությունները, այդ թվում՝ կոնֆուցիոսականություն (Confucianism), դաոսականություն (Daoism), չինական քաղաքական փիլիսոփայություն, չինական բարոյագիտություն և այլն:
Ծրագիրը դասավանդվում է անգլերենով և ներառում է չինական փիլիսոփայական դպրությունների, բարոյագիտության ու քաղաքական տեսության համակողմանի ուսումնասիրություն։