ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Արցախից բռնի տեղահանվածները ժամանակավորապես կդադարեցնեն փողոցային ակցիաները, իսկ Արցախահայության իրավունքների պաշտպանության խորհուրդը կվերակազմավորվի, լրագրողներին ասել է խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը:
Նրա խոսքով՝ այս փուլում իրենք դադարեցնում են փողոցային պայքարը, քանի որ անհրաժեշտ հանրային աջակցություն չկա։ Նրանք կքննարկեն հետագա քայլերը և դրանց մասին կտեղեկացնեն ավելի ուշ:
Մարգարյանը տեղեկացրեց, որ խորհուրդը, հնարավոր է, որոշակի սխալ հաշվարկներ է արել։ Ուստի իրենք կվերակազմակերպեն այն և կվերանայեն իրենց գործունեությունը։
«Խորհուրդն այս պահից սկսած կլքի Արցախի ներկայացուցչության շենքը։ Մենք նաև անպայման կվերանայենք քաղաքական ուժերի հետ փոխգործակցությունը։ Ինքներդ տեսաք՝ մենք դիմել ենք Արցախի 5 խմբակցություններին, պատգամավորներին (որոնք խորհրդի անդամ են), որոնք պետք է առաջին հերթին զբաղվեին բարձրացված հարցերով»,-ասել է Մարգարյանը։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ այսօրվա ակցիային ՀՀ ԱԺ ընդդիմության ներկայացուցիչներից, որոնք հաճախ են խոսում արցախցիների իրավունքների մասին, շատ քչերն էին ներկա:
«Մենք դեռ չգիտենք, թե ինչու։ Մանրամասն գնահատական կտանք, գուցե պատճառը ներքաղաքական իրավիճակն է կամ այլ հարցեր։ Բայց Արցախի հարցով այն համահայկական օրակարգը, որի մասին մենք հայտարարել ենք, փաստացի հաջողությամբ չի պսակվել»,-ասում է Մարգարյանը։
Նա նշել է, որ առաջին անգամ հաջողության հասել էին միասնության և հանրային աջակցության շնորհիվ: Հենց որ հաջողվի վերադարձնել այդ աջակցությունը, պատրաստ են շարունակել ակցիաները։ Մինչ այդ խորհուրդը կշարունակի աշխատել այլ ձևաչափով։
Հուլիսի 14-ին մի խումբ արցախահայեր բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով լուծել սոցիալական խնդիրները։ Կառավարության ներկայացուցչի առաջարկով ակցիայի մի քանի մասնակիցներ հանդիպման համար բարձրացել էին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակ։ Հանդիպումից հետո Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները մտադիր չեն երկարաձգել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների վարձավճարների փոխհատուցման ծրագիրը: