ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաան այսօր աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան: Սա նոր կարգավիճակով նրա առաջին պաշտոնական այցն է Բաքու, թեև ավելի վաղ նա արդեն հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Արդեն տեղի է ունեցել երկու առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը, որի շրջանակներում քննարկվել են երկկողմ փոխգործակցությանն ու տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր:
Այցի ընթացքում Սիրիայի էներգետիկայի նախարար Մուհամեդ ալ Բաշիրը և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար, SOCAR պետական նավթային ընկերության դիտորդական խորհրդի նախագահ Միկաիլ Ջաբարովը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:
Ահմեդ աշ-Շարաան, որը նաև հայտնի է որպես Աբու Մուհամմադ ալ-Ջուլանի, նախկինում ղեկավարել է «Հայաթ Թահրիր աշ-Շամ» շարժումը (ճանաչվել է ահաբեկչական և արգելված է ՌԴ-ում): 2024 թվականի դեկտեմբերին նա դարձել է Սիրիայում իշխանափոխության հանգեցրած ընդդիմադիր շարժման առանցքային դեմքերից մեկը։ 2025 թվականի հունվարին աշ-Շարաան պաշտոնապես ստանձնել է Սիրիայի անցումային շրջանի նախագահի պաշտոնը։
Ավելի վաղ՝ այս տարվա մայիսին, աշ-Շարաան Դամասկոսում ընդունել էր Ադրբեջանի փոխվարչապետ Սամիր Շարիֆովի գլխավորած պատվիրակությանը: Բանակցությունների ընթացքում քննարկվել էին երկկողմ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանային գործընթացների և տնտեսական համագործակցության հետ կապված հարցեր։